14 հոկտեմբերի 2016 - 15:28 AMT
Նոյեմբերյանի հիվանդանոցում ԱՄՆ-ից մասնագետներն անվճար բուժծառայություններ են մատուցում

Ամերիկյան «Գլենդեյլ-Ադվենտիստ» բժշկական կենտրոնի նախաձեռնությամբ և «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ արևմտյան շրջանի տեղական մարմնի տեխնիկական աջակցությամբ Միացյալ Նահանգներից ժամանած մոտ հինգ տասնյակ բարձրակարգ բուժմասնագետների խումբը հոկտեմբերի 16-21-ը Նոյեմբերյանի հիվանդանոցում անվճար բուժծառայություններ կմատուցի Տավուշի ու Լոռու մարզի ավելի քան 1000 հիվանդի:

Մասնավորապես կիրականացվեն ընդհանուր վիրաբուժական, ակնաբուժական, դիմածնոտային, գինեկոլոգիական վիրահատություններ, բուժական ծառայություններ, հետազոտություններ: Ձեռնարկը գլխավորում է կենտրոնի նախագահ Քեվին Ռոբերտսը:

Հայաստան ժամանած մասնագետների առաջին խումբը տեղում նախապատրաստում է բուժսարքավորումները, գործիքները, դեղորայքը, որոնք նախապես առաքվել են ԱՄՆ-ից և նվիրաբերվել հիվանդանոցին: Նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են ամերիկյան առողջապահական չափանիշներին համապատասխան:

Մարդասիրական այս առաքելության շրջանակում «Գլենդեյլ-Ադվենտիստ» կենտրոնի մասնագետները նախորդ տարի հիվանդանոցում իրականացրել են տարբեր բարդության քառասուն վիրահատություն և սպասարկել ընդհանուրը ավելի քան 900 բնակչի: Նախաձեռնության շրջանակներում ամերիկացի գործընկերները 2015-ին հիվանդանոցին նվիրաբերել են բուժօգնության սարքերով համալրված շտապօգնության մեքենա, բուժտեխնիկա, անեսթեզիայի սարքեր, վիրահատական գործիքներ, դեղորայք: Շտապօգնության մեկ մեքենա էլ հիվանդանոցի համար ձեռք է բերվել Հիմնադրամի բարերար, ամերիկաբնակ Անդրանիկ Բաղդասարյանի նվիրատվությամբ:

Նոյեմբերյանի քաղաքային հիվանդանոցի հիմնանորոգումն այն ձեռնարկներից է, որն իրականություն է դարձել «Հայաստան» հիմնադրամի մի քանի տեղական մարմնի՝ Գերմանիայի, Շվեյցարիայի, Ավստրալիայի, Լիբանանի համատեղ ջանքերով: Սահմանից ընդամենը 5 կմ հեռավորության վրա գործող բուժհաստատության առկայությունը ռազմավարական և բարոյա-հոգեբանական մեծ կարևորություն ունի մարզի համար: