15 հոկտեմբերի 2016 - 11:40 AMT
Բեսլանի մոտակայքում ավտոբուսի վթարում տուժածները տեղափոխվել են Սբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ

Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած ՀՀ քաղաքացիները հատուկ չվերթով տեղափոխվել են Երևան։

«Զվարթնոց» օդանավակայանում նրանց սպասող շտապբուժօգնության բրիգադները 8 վիրավորի տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Բոլորը Վլադիկովկասի հիվանդանոցներում ստացել են անհրաժեշտ բժշկական օգնություն։ Բժշկական կենտրոն է դիմել ևս 3 տուժած, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Հիվանդանոցում գտնվող 11 քաղաքացին այժմ լաբորատոր և գործիքային հետազոտություններ են անցնում։

Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնության» մասնագետները 50-ամյա տուժածին օդանավակայանում անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո տուն են ուղարկել։

Հոկտեմբերի 14-ի առավոտյան ժամը 04.30-ի սահմաններում Վլադիկավկազ քաղաքի մոտակայքում՝ Վլադիկավկազ-Բեսլան շրջադարձային ճանապարհի 8-րդ կմ-ին, Մոսկվա-Երևան երթուղային ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին, ինչի արդյունքում ավտոբուսում գտնվող 52 ուղևորից 5-ը զոհվել է:

Աշխատանքները տեղում կազմակերպելու համար հոկտեմբերի 14-ին ՌԴ են մեկնել ՀՀ առողջապահության նախարարության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Վարդան Վարդազարյանը և արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Գաբրիել Թեփելիկյանը, ինչպես նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արամ Արսենյանը:

ՌԴ ՆԳՆ քննչական վարչության՝ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության ստորաբաժանման վարույթում հարուցվել է քրեական գործ` ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի մարդու մահ)։Մշակվել են աշխատանքային վարկածներ, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վթարի պատճառները պարզելու ուղղությամբ: