17 հոկտեմբերի 2016 - 12:26 AMT
Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից 4 տուժած է մնում ՌԴ հիվանդանոցներում

Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներից Ռուսաստանի Դաշնությունում շարունակում է բուժում ստանալ Հայաստանի 4 քաղաքացի։

Նրանցից 2-ը` տղամարդ և կին, տեղափոխվել են Բեսլանի բազմապրոֆիլ հիվանդանոց։ Երկուսի մոտ էլ կոնքի և ազդրի բազմակի կոտրվածքներ են։ Առավոտյան համայցից հետո ինտենսիվ թերապիայի բաժանմունքից նրանց տեղափոխել են հիվանդասենյակ, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Տուժած մյուս երկու տղամարդ շարունակում են բուժումը Վլադիկավկազի շտապօգնության կլինիկական հիվանդանոցում։ Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Բոլոր տուժածներն ամբողջ ծավալով ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն, բոլորի մոտ արձանագրվել է դրական շարժընթաց։

Հոկտեմբերի 14-ի առավոտյան ժամը 04.30-ի սահմաններում Վլադիկավկազ քաղաքի մոտակայքում՝ Վլադիկավկազ-Բեսլան շրջադարձային ճանապարհի 8-րդ կմ-ին, Մոսկվա-Երևան երթուղային ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին, ինչի արդյունքում ավտոբուսում գտնվող 52 ուղևորից 5-ը զոհվել է, 27՝ տուժել: Աշխատանքները տեղում կազմակերպելու համար հոկտեմբերի 14-ին ՌԴ են մեկնել ՀՀ առողջապահության նախարարության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Վարդան Վարդազարյանը և արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Գաբրիել Թեփելիկյանը, ինչպես նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արամ Արսենյանը:

ՌԴ ՆԳՆ քննչական վարչության՝ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության ստորաբաժանման վարույթում հարուցվել է քրեական գործ` ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի մարդու մահ)։ Մշակվել են աշխատանքային վարկածներ, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վթարի պատճառները պարզելու ուղղությամբ:

Վլադիկավկազում հոկտեմբերի 15-ի դրությամբ բուժվում էր ստանում ավտոբուսի վթարից տուժած ութ ՀՀ քաղաքացի: Իսկ Երևան 14-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն հոսպիտալացվածներն արդեն դուրս են գրվել։