17 հոկտեմբերի 2016 - 15:06 AMT
Դատարանը երկարացրել է Ժիրայր Սեֆիլյանի կալանավորման ժամկետը

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունն ու երրորդ անգամ և'ս երկու ամսով երկարացրել «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի կալանավորման ժամկետը, հայտնում է «Ազատությունը» Սեֆիլյանի կնոջ՝ Նանոր Սեֆիլյանի վրա հղումով:

Դատական նիստը մեկնարկել էր շաբաթ օրը, սակայն այն ընդմիջվել էր մինչև ժամը 19: 00-ն՝ քննիչի կողմից լրացուցիչ նյութեր ներկայացնելու պատճառով: Վճիռը հրապարակվել է գիշերը ժամը 3-ին։

«Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդը ճաղերի հետևում է հայտնվել հունիսի 20-ին` զենքի ապօրինի շրջանառություն կազմակերպելու մեղադրանքով: Մոտ երկու ամիս առաջ քննչական մարմինը Սեֆիլյանի այս գործը միավորեց Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի, ինչպես նաև 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին զանգվածային անկարգություններ կազմակերպելու քրեական գործի հետ, որի շրջանակում Ժիրայր Սեֆիլյանը «Հիմնադիր խորհրդարան»-ի այլ անդամների հետ մի քանի ամսով կալանավորվել էր, ապա՝ ստորագրությամբ ազատ արձակվել։

Նա մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը զավթելու մտադրության մեջ, որի ընթացքում վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելն ու տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: