ՀՀ-ում ՄԱԿ փախստականների գծով հանձնակատարի ներկայացուցիչը պատրաստ է աջակցել սիրիահայերին

ՀՀ-ում ՄԱԿ փախստականների գծով հանձնակատարի ներկայացուցիչը պատրաստ է աջակցել սիրիահայերին

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հատուկ քննարկում է նախաձեռնել Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթի հետ:

Քննարկման ընթացքում բարձրացվել են Սիրիայում ստեղծված իրավիճակի արդյունքում Հայաստան ժամանող սիրահայերին առնչվող, մասնավորապես՝ նրանց համար Հայաստանում բնակության պայմանների ապահովման հարցում ՄԱԿ-ի աջակցության հետ կապված հարցեր, հայտնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը:

Արման Թաթոյանը հատկապես կարևորել է Հայաստան ժամանել պատրաստվող սիրահայերի համար կեցության, ինչպես նաև իրավական խորհրդատվության հետ կապված խնդիրների առաջնահերթ կարգավորումը, ինչպես նաև քննարկվել է սպասվող նոր հոսքի դեպքում սիրահայ ընտանիքներին ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գրասենյակի կողմից հնարավոր որոշակի դրամական օժանդակություն տրամադրելու հետ կապված հարցեր:

Բիերվիրթը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերելու սիրիահայ ընտանիքներին՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գրասենյակի մանդատի ու հնարավորությունների շրջանակում՝ նշելով, որ այդ ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ:

Քննարկման ավարտին Պաշտպանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով հայաստանյան գրասենյակի ջանքերը՝ ուղղված սիրահայ փախստականներին օժանդակելուն, ինչպես նաև երկուստեք կարևորվել է այս հարցերով հաճախակի հանդիպումների ու քննարկումների անհրաժեշտությունը:

Հոկտեմբերի 13-ին հրթիռակոծվել է հայաշատ Սուլեյմանիե թաղամասի դրոցներից մեկը, ինչի հետևանքով 7 երեխա է զոհվել, տասնյակ վիրավորներ կան: Հալեպի հայկական թաղամասերում իրավիճակը շարունակում է մնալ լարված: Հոկտեմբերի 5-ին Հալեպի Նոր Գյուղ հայաշատ թաղամասի ռմբակոծման հետևանքով երկու հայ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է:Սեպտեմբերի 30-ի առավոտյան տեղի ունեցած ուժգին հրթիռակոծության հետևանքով Հալեպում զոհվել էր հինգ հայ, ութը վիրավորվել էին:Հրթիռակոծութվել էին Հալեպի Նոր Գյուղ և Վիլլաներ թաղամասերը:

2016-ի 10 ամսվա ընթացքում Հայաստան է տեղափոխվել 428 սիրիահայ (մոտ 100 ընտանիք): Սիրիական իշխանությունների պաշտոնական տվյալներով, այս պահին Հալեպում 8-10.000 հայ կա:

ՀՀ սփյուռքի նախարարության տվյալներով, պատերազմի 5 տարվա ընթացքում Սիրիայում հայկական համայնքը 250.000-ից կրճատվել է մինչև 22-30.000: Այս տարիներին Սիրիայից Հայաստան է տեղափոխվել 20.000 հայ, որոնցից 17.000 հաստատվել է Հայաստանում, իսկ 13.000-ը` դարձել ՀՀ քաղաքացի:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Սիրիայում բնակվող հայերի անվտանգության երաշխավորման և վերջիններիս աջակցություն տրամադրելու խնդրով դիմել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչին, Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի, Միջազգային օմբուդսմենների ինստիտուտի, Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ղեկավարներին:

Ընթերցեք նաև. ՀՀ ՄԻՊ-ը սիրիահայերի հարցով դիմել է միջազգային մարմիններին

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---