25 մայիսի 2007 - 15:57 AMT
Ղարաբաղ. Որքան բարձր է Բաքուն խոսում պատերազմի մասին, Երեւանն այդքան ավելի համոզիչ իրավունք ունի ասելու զիջումների անհնարինության մասին
«Ադրբեջանի բոլոր ռազմատենչ կոչերը սպառազինությունների մրցավազքի մասին եւ ռազմական գործողությունների շուտափույթ մեկնարկի հնարավորության մասին Երեւանին շատ հաջող առիթ են տալիս լրացուցիչ փաստարկների համար արեւմտյան տերությունների եւ եվրոպական կառույցների հետ երկխոսության ժամանակ` հիմնավորելով դաշտային Ղարաբաղի տարածքների հանդեպ իրավունքները»,-հայտարարել է ԶԼՄ-ների Կովկասյան ինստիտուտի (ԶԼՄԿԻ) կովկասյան հետազոտությունների բաժնի վարիչ Սերգեյ Մինասյանը Երեւանում ընթացող «Կովկաս-2006» միջազգային խորհրդաժողովում: Նրա խոսքերով, Ադրբեջանի ռազմականացումը կարող է որոշակի քաղաքական առավելություններ տալ Հայաստանին: «Ադրբեջանը համարում է, որ ռազմականացումն ու պատերազմի կոչերը կարող են Հայաստանի հանդեպ ճնշման գործուն լծակ հանդիսանալ եւ կարող են Հայաստանին առավել զիջող դարձնել ղարաբաղյան հարցում: Հայաստանը կարող է պնդել, որ Ադրբեջանի նման ակտիվ սպառազինման պայմաններում այդ տարածքների պահպանումը Լեռնային Ղարաբաղի հսկողության տակ ռազմական հավասարակշռությունը պահպանելու կարեւոր տարրերից մեկն է»,-ընդգծել է Մինասյանը:

«Որքան բարձր է Բաքուն խոսում պատերազմի մասին, Երեւանն այդքան ավելի համոզիչ իրավունք ունի ասելու դաշտային Ղարաբաղի տարածքների զիջումների անհնարինության մասին: Այդ փաստարկները համաշխարհային հանրության աչքերում առավել համոզիչ կհնչեն, քանի որ տարածքների վերադարձը կարող է փոխել ռազմական հավասարակշռությունը եւ գայթակղություն առաջացնել Ադրբեջանի մոտ իրոք դիմելու ռազմական գործողությունների: Հաշվի առնելով այդ հանգամանքները, համաշխարհային հանրության շահերից է բխում այն, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտի կազմող տարածքները մնան հայերի հսկողության ներքո»,-ասել է նա:

Միեւնույն ժամանակ Մինասյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից ուկրաինական զենքի զանգվածային գնումները ապակայունացնող տարր են տարածաշրջանում: «Ուկրաինայից Ադրբեջան է առաքվել «Սմերչ» տիպի հրթիռային համազարկի 12 համակարգ, որոնք իրենց ազդեցությամբ մոտենում են զանգվածային ոչնչացման զենքին»,-գտնում է նա:

«Սակայն սպառազինության մրցավազքը երկսայրի զենք է եւ դժվար է ասել, թե իրականում որքանով սպառազինության ավելացումը կնպաստի Ադրբեջանի հարձակողական հնարավորություններին Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում»,-ընդգծել է Մինասյանը: