Բաբայան. Համանախագահների հետ խոսելու ենք հրադադարի պահպանման մեխանիզմների ներդրմանն ուղղված քայլերի մասին

Բաբայան. Համանախագահների հետ խոսելու ենք հրադադարի պահպանման մեխանիզմների ներդրմանն ուղղված քայլերի մասին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ապակառուցողական ոճն ու հայտարարություններն արդեն հոգնեցրել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, սակայն նրանք այդ մասին չեն արտահայտվում` հետևելով դիվանագիտական կանոններին: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն` անդրադառնալով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովի հայտարարությանը, հայտնում է Aysor.am-ը:

Մամեդովը հայտարարել էր, թե Ադրբեջանը միջազգային հանրությունից ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից ակնկալում է ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված հստակ քայլեր: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ տեղի ունեցած բանակցությունները ԼՂ հակամարտության լուծման ուղղությամբ դեռ ոչ մի օգուտ չեն տվել», - ասել էր Մամեդովը:

Ըստ Դավիթ Բաբայանի` նման հայտարարությունը ևս մեկ անգամ վերահաստատում է` Բաքուն պատրաստ չէ կառուցողական քայլեր ձեռնարկել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ.

«Ինչ վերաբերում է մեր ասելիքին համանախագահներին` կայանալիք այցելության ժամանակ, իհարկե, քննարկելու ենք ավանդական թեմաներ` սահմանային իրավիճակի հետ կապված: Պարտադիր խոսելու ենք նաև հրադադարի ռեժիմի պահպանման մեխանիզմների ներդրման ուղղությամբ արվող քայլերի մասին: Ադրբեջանը նույնպես չի կարող խուսափել այս հարցերից, քանի որ անկախ ներկայիս պահվածքից` պաշտոնական Բաքուն հայտնել է իր սատարումն այս հարցերի քննարկմանը», - նշել է Դավիթ Բաբայանը:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:

Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողով պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---