25 մայիսի 2007 - 17:47 AMT
ԵԱՀԿ ՄԽ համանախագահը Ռուսաստանից հրաժարվել է պատասխանել ադրբեջանցի լրագրողների հարցերին
Երեկ երեկոյան Երեւանից Բաքու են ժամանել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Բերնար Ֆասյեն` Ֆրանսիա եւ Յուրի Մերզլյակովը` Ռուսաստան: Պատասխանելով լրագրողների հարցերին Հ.Ալիեւի անվան օդակայանում, ֆրանսիացի համանախագահը հաղորդել է, որ Հայաստանում հանդիպումներ են եղել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Սերժ Սարգսյանի եւ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանի հետ:

Ըստ Բ.Ֆասյեի, հանդիպումներն օգտակար են եղել: «Մենք բեմ ենք կառուցում բանակցությունների համար եւ Երեւանում դրվեց աղյուսներից մեկը: Հավատում ենք, որ Բաքվում կկարողանան ավելացնել եւս մի քանի աղյուս»: Ֆասյեն նշել է, որ Ադրբեջանի ղեկավարության հետ կքննարկվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող համաձայնեցված հարցերը: Մինչդեռ, ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը հրաժարվել է մեկնաբանություններ անել լրագրողներին, հաղորդում է Bakililar.az-ը: