Բորդյուժա. ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար Երևանում չեն ընտրել Նազարբաևի բացակայության պատճառով

Բորդյուժա. ՀԱՊԿ նոր գլխավոր  քարտուղար Երևանում չեն ընտրել Նազարբաևի բացակայության պատճառով

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հաստատել է, որ ՀԱՊԿ շրջանակում անցկացվելու է պաշտոնյաների ռոտացիա: Նա նշել է, որ Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում այդ հարցը չի քննարկվել նախագահներից մեկի բացակայության պատճառով, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Երևանում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում Հայաստանը պետք է ստանձներ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիոն կարգով, սակայն հարցի քննարկումը հետաձգվեց մինչև դեկտեմբեր: Դա պետք է տեղի ունենար դեռևս մեկ տարի առաջ, սակայն 2015-ին ՀԱՊԿ խորհրդի նիստում որոշվեց մեկ տարով երկարաձգել Նիկոլայ Բորդյուժայի պաշտոնավարման ժամկետը:

«Փոխարինում պետք է կատարվի, քանի որ կա նախագահների որոշումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և բոլոր պաշտոնատար անձանց ռոտացիայի կարգ ներմուծելու մասին: Ինչ վերաբերում է պաշտոնատար անձանց, այսինք տեղակալներին, վարչության պետերին, ռոտացիան վաղուց արդեն իրականացվում է, և, ի դեպ, շատ հաջող»,-ասել է Բորդյուժան «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում:

Ըստ նրա, այդ հարցի քննարկումը հետաձգվել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հիվանդության պատճառով:

«Քանի որ այդ հարցը պետք է լուծվի բոլոր նախագահների մասնակցությամբ, որոշվեց, որ անդամ երկրների նախագահները կհանդիպեն դեկտեմբերին, և այն ժամանակ արդեն, երբ ներկա կլինեն Հավաքական անվտանգության խորհրդի բոլոր անդամները, վերջնական որոշում կկայացվի»,-ասել է Բորդյուժան:

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հոկտեմբերի 13-ին պաշտոնական այցով ՀՀ պետք է ժամաներ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:Սակայն նրա այցը չեղարկվեց հիվանդության պատճառով: Նա չի մասնակցել Երևանում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:

«Նազարբաևը պլանային բուժում է անցնում մրսածության պատճառով, ընդհանուր առմամբ նրա առողջական վիճակը մտահոգություն չի առաջացնում»,-ասել էր նրա մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայը:

Ընթերցեք նաև. ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի անունը հայտնի կդառնա տարեվերջին Ռուսաստանում

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---