ԱՆ. Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարում տուժածներից երեքի վիճակը միջին ծանրության է

ԱՆ. Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարում տուժածներից երեքի վիճակը միջին ծանրության է

PanARMENIAN.Net - Հյուսիսային Օսեթիայի առողջապահության նախարարությունից ստացված վերջին տվյալներով` Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով Բեսլանի բազմապրոֆիլ հիվանդանոցում բժշկական օգնություն ստացող Հայաստանի երկու քաղաքացու վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Հոկտեմբերի 19-ին Վլադիկավկազի շտապօգնության կլինիկական հիվանդանոցից այդ կլինիկա կտեղափոխվի մեր հայրենակիցներից ևս մեկը, ում մոտ նույնպես ախտորոշվել են բազմակի կոտրվածքներ։ Նրա վիճակը ևս գնահատվում է միջին ծանրության։

Չորրորդ տուժածին կատարվել է համակարգչային տոմոգրաֆիական հետազոտություն, որի արդյունքում հերքվել է գանգուղեղային վնասվածքի առկայությունը։ Այժմ քննարկվում է նրա Հայաստան տեղափոխման հարցը։

Հոկտեմբերի 14-ի առավոտյան ժամը 04.30-ի սահմաններում Վլադիկավկազ քաղաքի մոտակայքում՝ Վլադիկավկազ-Բեսլան շրջադարձային ճանապարհի 8-րդ կմ-ին, Մոսկվա-Երևան երթուղային ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին, ինչի արդյունքում ավտոբուսում գտնվող 52 ուղևորից 5-ը զոհվել է, 27՝ տուժել: Աշխատանքները տեղում կազմակերպելու համար հոկտեմբերի 14-ին ՌԴ են մեկնել ՀՀ առողջապահության նախարարության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Վարդան Վարդազարյանը և արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Գաբրիել Թեփելիկյանը, ինչպես նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արամ Արսենյանը:

ՌԴ ՆԳՆ քննչական վարչության՝ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության ստորաբաժանման վարույթում հարուցվել է քրեական գործ` ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի մարդու մահ)։ Մշակվել են աշխատանքային վարկածներ, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վթարի պատճառները պարզելու ուղղությամբ:

Վլադիկավկազում հոկտեմբերի 15-ի դրությամբ բուժվում էր ստանում ավտոբուսի վթարից տուժած ութ ՀՀ քաղաքացի: Իսկ Երևան 14-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն հոսպիտալացվածներն արդեն դուրս են գրվել։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---