«Ջեռուցման սեզոն» չկա. Մանկապարտեզների տնօրեններին հանձնարարված է էլեկտրական սալիկները միացնել

«Ջեռուցման սեզոն» չկա. Մանկապարտեզների տնօրեններին հանձնարարված է էլեկտրական սալիկները միացնել

PanARMENIAN.Net - Օդի ջերմաստիճանի կտրուկ իջեցմամբ պայմանավորված այս օրերին մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողներից լսվում են դժգոհություններ, որ խմբասենյակներում ջեռուցում չի իրականացվում և մանկապարտեզների տնօրենները սպասում են «ջեռուցման սեզոնի» մեկնարկին:

Այս կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը հայտնել է, որ Երևանի քաղաքապետարանը վաղուց հրաժարվել է «ջեռուցման սեզոն» հասկացությունից, և այժմ մանկապարտեզներում խմբերը ջեռուցվում են, երբ օդի ջերմաստիճանը նվազում է և ցուրտ է, գրում է Panorama.am-ը:

«Սովետական տարիներին, երբ ես տնօրեն էի աշխատում, այն ժամանակ հիշում եմ՝ ասում էինք ջեռուցման սեզոն, որն սկսվում էր նոյեմբերին: Բայց պարոն Մարգարյանը շատ խիստ զայրացավ այդ արտահայտության վրա, և մենք արդեն մի քանի տարի է՝ այդ արտահայտությունը մեր բառապաշարից ուղղակի հանել ենք: Մենք նայում ենք կլիմայական պայմաններին, եթե սկսեց սառնամանիք, ինչի մասին է խոսքը, ի վերջո մարդ ենք, չէ՞ բոլորս էլ բալիկներ ունենք...», - ասել է Սողոմոնյանը:

Նա տեղեկացրել է նաև, որ իրենք արդեն իսկ ուսումնասիրել են ջեռուցման համակարգերը, և մանկապարտեզների 90 տոկոսը պատրաստ է կենտոնացված ջեռուցմանը:

«Բայց մենք հիմա խուճապի չենք մատնվում ջեռուցումը միացնելու համար, քանի որ Հիդրոմետը մեզ տեղեկացրեց, որ վաղվանից օրերը կտաքանան: Բայց տնօրեններին հանձնարարված է, որ եթե խմբասենյակում ցուրտ է, միացնեն էլեկտրական սալիկներ, որևէ արգելք չկա: Բոլոր մանկապարտեզները, բացի ջեռուցման կենտրոնացված համակարգերից, ունեն նաև սալիկներ, որոնք պետք է միացնեն նման դեպքերում», - նկատել է նա՝ ասելով, որ եթե կան մանկապարտեզներ, որտեղ ցուրտ է, և ծնողները նկատել են, որ էլեկտրական սալիկ միացված չէ, կարող են տեղեկացնել:

«Մենք տնօրենին կախաղան չենք բարձրացնելու, պարզապես զգուշացնելու ենք: Կարող է վրիպել է, ուշադիր չի եղել: Մեր գործը հենց հետևելն է, վերահսկողություն սահմանելը», - հավելել է Սողոմոնյանը:

Հոկտեմբերի 18-19-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում, Լոռու, Տավուշի, Սյունիքի և Արցախի նախալեռնային հատվածներում՝ ձյան տեսքով: Խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---