28 մայիսի 2007 - 14:45 AMT
Ս.Սարգսյան. «Մենք կշարունակենք ենք մեր ջանքերը ժողովրդավարական արժեքների վրա հիմնված մեր անկախ պետականութունն ամրապնդելու ուղղությամբ»
«1918թ. մայիսի 28-ին` դարերի ընդմիջումից հետո, հայոց անկախ պետականության վերականգնումն արդյունքն էր Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերում տարած պատմական հաղթանակների, որոնք ձեռք բերվեցին մեր ժողովրդի ազատատենչ ոգու, բացառիկ համախմբվածության ու միասնության` կանոնավոր զորքերի հետ կողք-կողքի մարտնչող մեր աշխարհազորայինների, հոգեւորականության, մտավորականության, մեր ժողովրդի բոլոր խավերի համազգային սխրանքի շնորհիվ»,-ասվում է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում: «Մայիսյան այդ հերոսամարտերի դասերը` ժողովրդի մեջ անմար պահելով ազատության ու անկախության գաղափարը եւ փոխանցվելով սերնդե-սերունդ, իրենց նոր դրսեւորումներն ունեցան նաեւ Արցախյան ազատամարտում, որի փառավոր դրվագներից մեկի` Շուշիի ազատագրման 15-ամյա հոբելյանը, հիրավի, համազգային շուքով նշեցինք այս տարի: Նորօրյա մեր հաղթանակների արդյունքում ծնված եւ աշխարհի քաղաքակիրթ երկրների հետ ներդաշնակ զարգացման ուղին ընտրած Հայաստանի Հանրապետությունն արդեն 16 տարեկան է: Համոզված եմ, որ նույնպիսի միասնականությամբ այսուհետ եւս շարունակելու ենք մեր ջանքերը ժողովրդավարական արժեքների վրա հիմնված մեր անկախ պետականութունն ամրապնդելու, տնտեսությունը զարգացնելու, մեր բոլոր ձեռքբերումները պահպանելու եւ ամրապնդելու, համաշխարհային գործընթացներում մեր պետության արժանի տեղն ու դերն ապահովելու համար: Կրկին շնորհավորելով այս գեղեցիկ տոնի առթիվ` մաղթում եմ ձեզ հարատեւ խաղաղություն, ստեղծարար աշխատանք եւ ամուր հավատ մեր պետության վաղվա օրվա նկատմամբ»,-ասվում է Ս.Սարգսյանի ուղերձում, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: