Գնդապետ. Ռուսաստանը տեխնիկական միջոց չունի, որ արգելափակի «Իսկանդերի» կիրառումը

Գնդապետ. Ռուսաստանը տեխնիկական միջոց չունի, որ արգելափակի «Իսկանդերի»  կիրառումը

PanARMENIAN.Net - Երբ անհրաժեշտ լինի կիրառել «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրը, Հայաստանը կարող է դա անել`համապատասխան որոշում Հայաստանն է ընդունում, ոչ թե որևէ մեկ այլ երկիր: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ ԶՈՒ Հրթիռային զորքերի և հրետանու վարչության շտաբի պետի տեղակալ, գնդապետ Արտավազդ Յաղմուրյանը, հայտնում է Panorama.am-ը:

Նա տեղեկացրել է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ ստորաբաժանումը բերվել էր մարտական պատրաստականության, և ցանկացած պահի, երբ կառավարությունը որոշում ընդուներ, կհասցվեին հրթիռային հարվածներ:

«Իհարկե, զսպող միջոց է «Իսկանդեր»-ը: Վախենալու, մտածելու, մտորելու առիթ է տալիս հակառակորդին: Գաղտնիք չեմ բացի, եթե ասեմ, որ հենց ապրիլի 3-ին, երբ մեր հրթիռային զորքերը բերվեցին մարտական պատրաստականության, հակառակորդը դրանից անտեղյակ չմնաց: Դա գործուն միջոց էր հակառակորդին ստիպելու համար արդեն ապրիլի 4-ից հրաժարվել գործողություններից: Եթե անհրաժեշտություն լիներ, մենք կխոցեինք «Իսկանդեր»-ով»,- ասել է գնդապետը՝ ընդգծելով, որ զենքը Հայաստանինն է, Հայաստանի ԶՈւ-ինն է, կիրառումը պլանավորում է Հայաստանը, իրագործում է Հայաստանը:

ՀՀ ԶՈւ սպառազինությունների շահագործման և զրահատանկային ծառայության բաժնի պետ, գնդապետ Զորայր Գաբրիելյանը նշել է, որ Ռուսաստանը, որից Հայաստանը գնել է այդ համալիրները, տեխնիկական միջոց չունի, որ արգելափակի զենքի կիրառումը:

«Պայմանավորվածության համաձայն մենք չունենք այդպիսի արգելափակումներ, կամ սահմանափակումներ զենքի կիրառման համար»,- հավելել է Արտավազդ Յաղմուրյանը:

Նա ընդգծել է, որ ԶՈՒ անձնակազմը խնդիրներ չունի «Իսկանդեր» համալիրների օգտագործման հետ կապված, քանի որ կան համապատասխան մասնագետներ, որոնք նախապես են ուսուցում անցել, մինչ համալիրների ձեռք բերումը. «Կիրառման համար ոչ մի բարդություն չունենք»,-հավելել նա:

Ա. Յաղմուրյանը նշել է, որ «Սմերչ» համազարկային կրակի համակարգի կիրառման հետ կապված «կրկին խնդիր կա, քանի որ անձնակազմը պատրաստվել է դեռևս 1996-97թթ.»:

ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին ցուցադրվել է ՀՀ Զինված ուժերին մատակարարված «Իսկանդեր» հրթիռային համակարգի «Է»՝ արտահանման ենթակա մոդիֆիկացիան, 300 կմ հեռահարությամբ: «Իսկանդերի» առավել հեռահար «Մ» մոդիֆիկացիայի համալիրները խոցում են թիրախները մինչև 500 կմ հեռավորության վրա, սակայն Հրթիռային տեխնոլոգիայի վերահսկման ռեժիմն արգելում է 300 կմ-ից ավել հեռահարությամբ հրթիռների արտահանումը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---