Տարածքային սակարկությունը մահացու սպառնալիք է հայկական պետականության ապագայի համար

PanARMENIAN.Net - «Տարածքային սակարկությունը եւ ազատագրված տարածքների հանձնման փորձը ոչ մի դեպքում չեն կարող կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը եւ մահացու սպառնալիք են ոչ միայն Արցախի, այլ նաեւ հայկական պետականության ապագայի համար»,-ասվում է հայկական ինտերնետ-ռեսուրսների «Տարածքների հանձնման դեմ» հայտարարության մեջ: Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է. «Կառուցողական երկխոսության» ճահճում խրված Հայաստանի քաղաքական գործիչները հարվածի տակ են դնում հայ ժողովրդի գոյատեւման հարցը: Փաստորեն, այն ինչ կատարվում է այսօր մի նոր «մյունհենյան դավադրություն է», որը մեզ փակուղի է տանում եւ նպաստում է ԼՂՀ եւ Հայաստանի Հանրապետության դեմ նոր ագրեսիայի սանձազերծմանը: Այսօր, մայիսի 28-ին, երբ հայությունը տոնում է 1918թ. առաջին հայկական հանրապետության հռչակման օրը, մենք ցանկանում ենք հիշեցնել նաեւ այդ հանրապետության անփառունակ վախճանի մասին 1920 թ., որի արդյունքում առանց մի կրակոցի հանձնվեցին Կարսն ու Իգդիրը, Արարատ լեռը եւ հինավուրց մայրաքաղաք Անին, զոհաբերվեցին տասնայկ հազարավոր երիտասարդ կյանքներ: Դա հնարավոր դարձավ հենց երկրի այն ժամանակվա ղեկավարության անողնաշար կեցվածքի, «կառուցողական զիջումների» եւ «դիվանագիտական մանեվրների» պատճառով:



Այսօր մենք պահանջում ենք Հայաստանի ղեկավարությունից եւ քաղաքական կուսակցություններից դադարեցնել ցանկացած խոսակցություն Արցախի ազատագրված հայկական շրջանները հանձնելու պատրաստակամության մասին: Մենք պահանջում ենք նաեւ բացահայտել բանակցությունների բովանդակությունը, անթույլատրելի համարելով, որ հայ ժողովրդի ապագային անմիջականորեն վերաբերող տեղեկությունները թաքցվեն:



Ցանկացած քաղաքական գործիչ կամ պետական ծառայող, անկախ երկրի առջեւ ունեցած նախկին ծառայություններից, որն այսօր հայտարարում է հայկական հողերը հանձնելու պատրաստակամության մասին, Հայրենիքի դավաճան է եւ իր ժողովրդի բացահայտ թշնամի»:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---