Իրանի ԱԳՆ. Թեհրանը ԽՍՀՄ փլուզումից հետո ԼՂ խնդրով միջնորդի կարևոր դեր էր ստանձնել

Իրանի ԱԳՆ. Թեհրանը ԽՍՀՄ փլուզումից հետո ԼՂ խնդրով միջնորդի կարևոր դեր էր ստանձնել

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում առաջին հրադադարը հաստատվել է Իրանի ջանքերով: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Բահրամ Ղասեմին, հայտնում է aysor.am-ն իրանական «Թասնիմ» լրատվական գործակալության վրա հղումով:

Իրանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը, անդրադառնալով ԼՂ հակամարտության վերաբերյալ Իրանի դիրքորոշմանը, մասնավորապես ասել է. «Իրանն առաջին երկիրն է, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործում միջնորդական առաքելություն է իրականացրել, մենք կարևոր դերակատարություն ենք կատարել՝ կարողանալով առաջին հրադադարը հաստատել Ղարաբաղում»:

Բահրամ Ղասեմին հավելել է. «Ինչ վերաբերում է նրան, թե այդ հարցն այսօր քննարկվում է կամ կքննարկվի նախագահ Հասան Ռոհանիի այցի ընթացքում, երկկողմ հետաքրքրության շրջանակներին վերաբերող հարց է: Չեմ կարծում, որ ներկա պայմաններում Իրանը շահագրգռված չի լինի միջնորդական առաքելություն իրականացնել: Հույս ունենք, որ հակամարտությունը արդար հանգուցալուծում կստանա և բոլոր կողմերի իրավունքները կիրացվեն»:

Անդրադառնալով Իրանի նախագահի՝ Հայաստան կատարելիք այցին՝ ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակը ասել է. «Իրանի հարաբերություններն իր հյուսիսային հարևանների հետ լավ են: Եթե Ռուսաստանին չհաշվենք, ապա Հայաստանն Իրանի միակ քրիստոնյա հարևանն է: Ինչ վերաբերում է ԻԻՀ նախագահի այցին, ապա հուսով ենք, որ Հասան Ռոհանիի այցը Հայաստան տեղի կունենա հնարավոր շուտ ժամկետում»:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:

Մայիսի 16-ին Վիեննայի գագաթնաժողովում պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---