31 մայիսի 2007 - 16:48 AMT
ԵԽ. Երեւանն ու Բաքուն դեռ համաձայնություն չեն տվել մշակութային հուշարձանների դիտարկումն իրականացնելու հարցով
«Եվրոպայի Խորհուրդը ցանկանում է հատուկ փորձագետներ ուղարկել Ադրբեջան եւ Հայաստան պատմա-մշակութային հուշարձանների վիճակին ծանոթանալու նպատակով»,- հայտարարել է ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը: Նրա խոսքերով, հուշարձանների դիտարկումն անցկացնելու համար նրանց անհրաժեշտ է ողջ տարածքը ուսումնասիրել, ինչի համար անհրաժեշտ է երկու կողմերի համաձայնությունը: «Դեռ նման համաձայնություն չենք ստացել»,- նշել է ԵԽ գլխավոր քարտուղարը:


Հիշեցնենք, որ Հին Ջուղայի հին հայկական գերեզմանատունը Ադրբեջանը ռազմական հրաձգարանի է վերածել: Խաչքարերի զանգվածային ավերումը սկսվել է Հին Ջուղայում 1998 թ., երբ ադրբեջանցի զինվորները բուլդոզերներով հարթեցրին հայկական գերեզմատան տարածքը: Միջազգային հանրության դատապարտումներից հետո, ավերումը դադարեցվեց, վերսկսվելով 2003-ին: Շատ խաչքարեր հայտնվեցին հողի տակ, իսկ մյուսները քանդվեցին եւ գցվեցին Արաքս գետը:

Նախիջեւանը գտնվում է պատմական Հայաստանի տարածքում եւ եղել է Առաջին Հայկական Հանրապետության կազմում 1918-20 թթ.: Ըստ 1921 թ. Մոսկվայի պայմանագրի Խորհրդային Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ, Նախիջեւանը հանձնվեց Ադրբեջանին: