31 մայիսի 2007 - 19:04 AMT
Ռուսաստանի հայերի թերթը Երեւանին կոչ է անում ճնշման դեպքում հրաժարվել բանակցություններից եւ ճանաչել ԼՂՀ-ի անկախությունը
«Հունիսի 10-ին Սանկտ-Պետերբուրգում ծրագրված են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի բանակցությունները, որոնք կարող են որոշիչ դառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Ընդ որում, բանակցությունները անցնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Յուրի Մերզլյակովի` Բաքվում արած աննախադեպ հայտարարությունների ֆոնի վրա այն մասին, ոչ Հայաստանը պետք է «ազատագրի 7 շրջանները» եւ որ «Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի անբաժանելի մասը»: Բանակցային գործընթացի միջնորդներից մեկի կողմից արված նման հայտարարությունները փաստորեն բանակցությունների ելքը կանխորոշող բնույթ են կրում եւ հակասում են համանախագահի մանդատին»,- գրում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Ինչպես նշում է թերթը, «մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակը եւ նախկին ԼՂԻՄ շուրջ տարածքների ճակատագիրը առաջին հերթին պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը: Մինչ դեռ, ԼՂՀ եւ մարդկային կյանքների հաշվին ազատագրված Հայաստանի պատմական տարածքների ճակատագիրը ամենաուղղակի ձեւով վերաբերում է նաեւ ամբողջ աշխարհի հայությանը: Ռուսաստանի հայերը չեն լինի այն ամենի հանգիստ դիտորդները, թե ինչպես են բանակցային գործընթացի միջնորդները, նմանակելով հաջող գործողությունը, անընդհատ զիջումների գնում Ադրբեջանին` սպառնալիքի տակ դնելով տարածաշրջանում գոյություն ունեցող խաղաղությունն ու կայունությունը: Սանկտ-Պետերբուրգը չպետք է դառնա այն վայրը, ուր հերթական անգամ հայերին իրենց հողերից զրկելու փորձ պետք է արվի: 1921 թվականի Մոսկվայի պայմանագրի կրկնությունը չպետք է լինի, երբ Հայաստանից Թուրքիային անցան Կարսի շրջանն ու Սուրմալուն, իսկ Ադրբեջանին Նախիջեւանն ու Շարուրի մի մեծ հատվածը»:

Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը իր ընթերցողների անունից կոչ է անում «Հայաստանի ղեկավարությանը հրաժարվել պայմանագրի ստորագրումից, որը չի բխում հայության շահերից, իսկ երրորդ պետությունների կողմից ճնշման դեպքում, հրաժարվել բանակցություններից եւ պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը»: