28 հոկտեմբերի 2016 - 13:14 AMT
Շենգավիթի դատարանի դատավորը ձերբակալվել է կաշառք վերցնելու կասկածանքով

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը ձերբակալվել է՝ կաշառք ստանալու կասկածանքով:

ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը «Ա1+»-ին հայտնել է, որ թեև Վճռաբեկ դատարանի նախագահը տեղեկացված է ձերբակալման մասին, բայց այդ որոշումը դեռ չեն ստացել:

Ըստ դատական օրենսգրքի՝ ձերբակալման մասին որոշումը ոչ ուշ, քան ձերբակալման պահից 24 ժամ հետո ուղարկվում է Հանրապետության նախագահին և վճռաբեկ դատարանի նախագահին։

Ավելի ուշ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է, որ ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Բարսեղյանը ձերբակալվել է ենթադրյալ կաշառք ստանալու պահին:

Քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել և Երևանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:

Առերևույթ հանցագործության առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ գլխավոր դատախազություն:

Իշխան Բարսեղյանը 198-ից 1992-ն աշխատել է Ղափանի միջշրջանային դատախազությունում՝ որպես քննիչ։ 1992-1996 թթ. աշխատել է Սևանի միջշրջանային դատախազությունում՝ որպես քննիչ։ 1996-1999 թթ. աշխատել է Հրազդանի շրջանային ժողդատարանի դատավորի պաշտոնում։ 1999-ից Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է։