Մոսուլի ազատագրումից հետո քրդերը կվերսկսեն անկախության մասին բանակցությունները Բաղդադի հետ

Մոսուլի ազատագրումից հետո քրդերը կվերսկսեն անկախության մասին բանակցությունները Բաղդադի հետ

PanARMENIAN.Net - Քրդստանը կվերսկսի անկախության մասին բանակցությունները Բաղդադի կենտրոնական կառավարության հետ Մոսուլի ազատագրումից հետո: Այդ մասին հայտարարել է Քրդստանի տարածաշրջանային կառավարության վարչապետ Նեչիրվան Բարզանին:

«Ազատություն ստանալու անհրաժեշտությունը վաղուց արդեն հասունացել է, սակայն հիմա մենք կենտրոնացել ենք ԻՊ դեմ պայքարի վրա»,-ասել է Բարզանին գերմանական Bild-ին տված հարցազրույցում:

«Հենց որ Մոսուլն ազատագրվի, մենք կհանդիպենք Բաղդադում մեր գործընկերների հետ` քննարկելու համար մեր անկախության հարցը»,-ասել է նա, գրում է Kurdistan.ru-ն:

Քրդստանի վարչապետը պարզաբանել է, որ քրդերը շատ երկար են անկախության սպասել, քանի որ կարծում էին,,որ Սադդամ Հուսեյնի ռեժիմի տապալումը 2003-ին կարող է իրական քաղաքական գործընկերության սկիզբ դնել Իրաքում, որտեղ քրդերն իրենց դերակատարությունը կունենան: «Սակայն այդ Իրաքն անհաջողության մատնվեց»,-ասել է նա:

«Մենք արաբ չենք, մենք մեր սեփական ազգությունն ունենք` քրդական…Ինչ-որ մի պահի հանրաքվե կանցկացվի Քրդստանի անկախության մասին և այն ժամանակ մենք հնարավորություն կտանք ժողովրդին լուծել այդ հարցը»,-ասել է քուրդ վարչապետը:

Բարզանին կարծում է, որ Մոսուլի ամբողջական ազատագրումը ԻՊ-ից կարող է առնվազն 3 ամիս տևել:

Հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան քուրդ աշխարհազորայիններն ու Իրաքի բանակը սկսել են Մոսուլի ազատագրման գործողությունը` քաղաքը կգրոհի 30.000 զինյալ: Քրդերի ռազմականացված «փեշմերգա» ջոկատները հսկողություն են հաստատել իրաքյան Մոսուլի մատույցներում գտնվող 7 բնակավայրում:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---