Գինեբուժությունը կարող է Հայաստանն ավելի գրավիչ դարձնել զբոսաշրջիկի համար

Գինեբուժությունը կարող է Հայաստանն ավելի գրավիչ դարձնել զբոսաշրջիկի համար

PanARMENIAN.Net - Տեղական գինեգործական բոլոր ընկերությունները ներկայացնող Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը ներկայացրել է Հայաստան այցելող զբոսաշրջիկներին հետաքրքող նոր քարտեզ: Այս մասին հոկտեմբերի 28-ին Welcome to Armenia զբոսաշրջային համաժողովի ժամանակ ասել է հիմնադրամի ծրագրերի կառավարման գծով փոխտնօրեն Վահե Ջիլավյանը:

«Քարտեզում ներառել ենք բոլոր գինեգործական ընկերություններն՝ իրենց հասցեներով, նշելով, թե որոնք ունեն գինու տուրեր, համտեսեր, ինչը և կարող է հետաքրքել 6200 տարվա գինեգործության պատմություն ունեցող երկիր այցելող զբոսաշրջիկին»,-ասել է նա, գրում է Panorama.am-ը:

Վահե Ջիլավյանը տեղեկացրել է, որ երկիրը զբոսաշրջիկի համար գրավիչ են ցանկանում դարձնել նաև էնոթերապիայի՝ գինեբուժության գաղափարի շնորհիվ. «Գինեբուժությունը տարածված է զարգացած բոլոր երկրներում, որոնք խաղողագործությամբ և գինեգործությամբ են զբաղվում: Այն լուծում է նաև խմելու ոչ ենթակա գինու սպառման հարցը, այսինքն այն գինիները, որոնք որ չեն սպառվել և այլևս ենթական չեն սպառման, դրանք կարող են օգտագործվել գինեբուժության մեջ»:

Նրա խոսքով՝ էնոթերապիան կարող է ուղղված լինել ինչպես զբոսաշրջության, այնպես էլ առողջապահության ոլորտին. «2017 թվականին առողջապահության նախարարության հետ կուսումնասիրենք և կներկայացնենք գինեբուժության հետ կապված ծրագիր»:

Գինու բուժական հատկությունները մարդկությանը հայտնի են եղել դեռևս հնագույն ժամանակներից: Դրա չափավոր օգտագործումը ոչ միայն վնասակար չէ, այլ նույնիսկ համարվում է դեղ: Գինու բաղադրության մեջ կան բոլոր այն նյութերը, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի կենսագործունեությունը ապահովելու համար` սպիտակուցներ, անփոխարինելի ամինաթթուներ, ածխաջրեր, խնձորաթթու, կիտրոնաթթու, վիտամիններ և այլ շատ կենսաբանական ակտիվ միացություններ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---