Գործարար համաժողով՝ «Մոսկվայի օրերը Երևանում» ծրագրի շրջանակում

Գործարար համաժողով՝ «Մոսկվայի օրերը Երևանում» ծրագրի շրջանակում

PanARMENIAN.Net - «Մոսկվայի օրերը Երևանում» միջոցառումների ծրագրի շրջանակում կազմակերպվել է Մոսկվայի և Երևանի միջև գործարար համագործակցության համաժողով, որի ընթացքում առանձին անցկացվել են հանդիպում-քննարկումներ՝ «Ապագային ուղղված քաղաքներ» ներդրումային և զարգացման ծրագրերի, «Զբոսաշրջային ներուժ ու զարգացման հեռանկարներ», ինչպես նաև «Խելացի քաղաքի ինովացիոն նոր լուծումներ, քաղաքի կառավարում և բարեկարգում» թեմաների շուրջ:

Համաժողովի բացմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը, Երևանի ավագանու անդամներ, Մոսկվայի կառավարության նախարար, արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Չերյոմինը, Մոսկվայի քաղաքային դումայի նախագահ Ալեքսեյ Շապոշնիկովը, ինչպես նաև Երևանի վարչական շրջանների ղեկավարներ և քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, գործարարներ:

Կողմերը քննարկել են երկուստեք գործարար միջավայրի բարելավման, քաղաքային ծրագրերում ներդրումների ներգրավման և նշված ուղղություններով քաղաքների զարգացմանն ուղղված ծրագրերն ու առաջիկա անելիքները, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հոկտեմբերի 28- 29-ը Երևանում անցկացվում են «Մոսկվայի օրերը Երևանում» միջոցառումները, որոնք իրականացվելու են Երևանի քաղաքապետարանի և Մոսկվայի կառավարության միջև ստորագրված 2013-2016թթ. համագործակցության ծրագրի շրջանակում:

«Մոսկվայի օրերը Երևանում» միջոցառումների ծրագրի շրջանակում անցկացվել է նաև երկու մայրաքաղաքների միջև զբոսաշրջության զարգացմանն ուղղված կլոր սեղան: Հանդիպմանը մասնակցել են Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի ներկայացուցիչ Մեխակ Ապրեսյանը, Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը, ինչպես նաև երևանյան զբոսաշրջային ինդուստրիայի ներկայացուցիչները:

Կլոր սեղանի ընթացքում Մոսկվայի տուրիզմի և հյուրանոցային տնտեսության կոմիտեն և տուրիզմի վարչությունը ներկայացրել են Մոսկվա քաղաքի զբոսաշրջային հնարավորությունները: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի մասնագետները, ինչպես նաև զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչները հանդես են եկել զեկույցներով և ներկայացրել ժամանակակից Երևանի զբոսաշրջային հնարավորությունները, այդ թվում Հայաստանը որպես արդի ուղղություն ռուսական շուկայում:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հետագա համագործակցության, փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---