Ինչ անել weekend-ին. Հելոուինյան փարթիներ, ֆոտոցուցահանդես, ջազ և կոմիքսներ

Ինչ անել weekend-ին. Հելոուինյան փարթիներ, ֆոտոցուցահանդես, ջազ և կոմիքսներ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերյան «ամառը» ավարտվեց նույնքան անսպասելի, որքան սկսվել էր, և նրան փոխարինելու եկավ հոկտեմբերյան «ձմեռը»: Եվ եթե առաջինը հաճելի անակնկալներ էր հայաստանցիների համար, ապա երկրորդի մասին նույնն ասելը դժվար է. ցուրտ, անանցանելի ճանապարհներ, մի շարք շրջաններում ձյուն և սառույց: Բայց դա պատճառ չէ ընկճվելու:

PanARMENIAN.Net ը առաջարկում է մի քանի հետաքրքիր տարբերակ ուրախ հանգստյան օրեր անցկացնելու՝ անկախ մռայլ եղանակից:

Հելոուինաշատ weekend

Հելոուինը (Halloween) Հայաստանում արդեն բազմաթիվ տարիներ է նշվում, թեև ամեն տարի դրա շուրջ իրարամերժ կարծիքներ են հնչում. հայաստանցիների մի մասը համարում է, որ այդ տոնը «հարիր չէ առաջին քրիստոնյա ազգին», մյուս մասը ոչ մի վատ բան դրա մեջ չի տեսնում: Ինչևէ, տոնը սիրվել է հայ երիտասարդների կողմից, և այս տարի նույնպես կարելի է տեսնել զվարճացող դիմակավորված մարդկանց մի շարք ժամանցի վայրերում:

Թեև Հելոուինը նշվում է հոկտեմբերի 31-ին, այս տարի Հայաստանում այն սկսել են նշել ամսի 29-ից: Այսպես, հոկտեմբերի 29-ին Ավանի Աճառյան փողոցում գտնվող անգարում տեղի կունենա մեծ փարթի Լոնդոնից ժամանած համաշխարհային ճանաչում ունեցող դիջեյ Betoko-ի մասնակցությամբ: Նրանից բացի կնվագեն նաև մի շարք հայ դիջեյներ: Միջոցառման սկիզբը՝ ժամը 21∶00-ին, տոմսերի արժեքը՝ 6000 և 8000 դրամ:

Հոկտեմբերի 29-31-ը 90's ակումբում 3 օր շարունակ կնշվի «Գժանոց Halloween», կնվագեն հայտնի հայ դիջեյներ: Միջոցառման սկիզբը բոլոր օրերին՝ ժամը 21:00-ին, տղաների համար տոմսի արժեքն առաջին 2 օրը կկազմի 2000-ական դրամ, 3-րդ օրը՝ 3000 դրամ, աղջիկների համար մուտքը բոլոր օրերին անվճար է:

Հոկտեմբերի 30-ին Հելոուինը կարելի է նշել նաև Bridge փաբում, որտեղ այդ օրը ևս կնվագեն հայտնի հայ դիջեյներ: Միջոցառման սկիզբը ժամը 21:00-ին է, տոմսի արժեքը՝ 1500 դրամ:

Հոկտեմբերի 31-ին Downtown ակումբում տեղի կունենա Olmeca Civilization հելոուինյան փարթին, կնվագեն հայ և ուկրաինացի դիջեյները, ինչպես նաև ելույթ կունենա Dawg կրկեսային շոուն: Միջոցառման սկիզբը՝ ժամը 21∶00-ին, մուտքը՝ հրավիրատոմսերով:

Հոկտեմբերի 29-31-ը Երևանի գրեթե բոլոր փաբերում տիրելու է հելոուինյան տրամադրություն, ուստի բոլորը չենք թվարկի, որտեղ էլ մտնեք, հաստատ հետաքրքիր մի բանի ականատես կլինեք:

Քաղաքը ջազ է լսում

Երևանի ժամանցի վայրերում նկատվում է նոր տենդենց. ավելի հաճախ են դարձել ջազի երեկոները: Այս weekend ևս մայրաքաղաքում կարելի է ջազ լսել:

Գաֆէսճյան արվեստի կենտրոնում հոկտեմբերի 29-ին «Երաժշտության կասկադ» շարքի շրջանակներում ելույթ կունենա Մայկ Մոսեյանը և «Կոն Ալմա» բենդը, կհնչի լատինո ջազ: Երեկոյի սկիզբը՝ ժամը 20:00-ին, միջոցառումը կտևի 2 ժամ, տոմսի արժեքը 5000 դրամ է:

«Կամի» երաժշտական ակումբում հոկտեմբերի 29-ին կարելի է լսել ջազ The Motion բենդի կատարմամբ: Միջոցառման սկիզբը՝ ժամը 21:30-ին, տոմսի արժեքը՝ 3000 դրամ:

Club 12-ում հոկտեմբերի 30-ին հանդես կգա Jazzel բենդը: Միջոցառումը կսկսվի ժամը 21:30-ին և կշարունակվի մինչև ժամը 01:00-ը:

Ապրիլյան պատերազմին նվիրված ֆոտոցուցահանդես

Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 18:00-ին Միրզոյան գրադարանում կբացվի PAN Photo-ի լուսանկարիչ Արեգ Բալայանի MOB. ֆոտոցուցահանդեսը, որը կցուցադրվի մինչև 2017-ի փետրվարի 15-ը: MOB. նշանակում է մոբիլիզացիա՝ ռազմական ուժերը խաղաղ իրադրության վիճակից պատերազմականի բերելը: Լուսանկարչական ցուցահանդեսը պատմում է այն ճանապարհի մասին, որն Արեգն անցել է որպես զինվոր 2016-ի ապրիլի 2-ից մինչև հունիսի 1-ը՝ սահմանապահ տղաների հետ ապրելով Արցախի հյուսիսային սահմանին՝ հայտնի որպես «Եղնիկներ» զորամասում:

Կոմիքսների օր Թումոյում

Հոկտեմբերի 29-ին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կոմիքսների օր կանցկացվի: Ժամը 18:30-ից 23:00-ն նկարչական շրջանում թվային նկարչության վարպետները տեղում կերպարներ կստեղծեն: Դրանից հետո թումոցիների միջև կերպարների ստեղծման մրցույթ կանցկացվի, իսկ ժյուրին կընտրի երեք լավագույնին: Կանցկացվի նաև Թումո ուսանողների ցուցահանդես, իսկ կինոթատրոնում կցուցադրվեն կոմիքսների վրա հիմնված անիմացիաներ: Կենտրոնի այցելուները կարող են մասնակցել կոմիքսային ոճով լուսանկարահանման, հասանելի կլինեն թեմատիկ պիտակներ, բացիկներ, շապիկներ, պայուսակներ և այլն:

Կինոսերների համար

Աշունը լավ եղանակ է կինո դիտելու համար: Իսկ այս ցուրտ weekend-ն էլ ավելի է տրամադրում կինոդիտումների: Առաջարկում ենք այցելել «Սինեմա Սթար» և Kino Park կինոթատրոններ, որտեղ ցուցադրվում են հետևյալ ֆիլմերն ու մուլտֆիլմերը. «Ինֆեռնո» (Inferno), «Ջեք Ռիչեր: Երբեք մի վերադարձիր» (Jack Reacher: Never Go Back), «Միսս Պերեգրինի տարօրինակ երեխաների տունը» (Miss Peregrine's Home for Peculiar Children), «Դոկտոր Սթրենջ» (Doctor Strange), «Ես Դենիել Բլեյքն եմ» (I, Daniel Blake), «Սինդբադ. Յոթ փոթորկի ծովահենները» (Синдбад. Пираты семи штормов), «Տրոլլերը» (Trolls), «Կուբո: Սամուրայի լեգենդը» (Kubo and the Two Strings), «18+ Դե Տժժա» (18+ Party Up!), «Կյանք ու կռիվ» (The Line):

Իսկ Բաղրամյան 50 հասցեում գտնվող «Գոյ» կենտրոնում հոկտեմբերի 29-ին ժամը 18:00-ին տեղի կունենա «Մենք ենք, մեր սարերը» հայկական լեգենդար ֆիլմի ցուցադրությունը։ Այցելուներին սպասվում է թեյի հյուրասիրություն, իսկ մուտքավճարը կազմում է ընդամենը 500 դրամ:

Շոփինգ

Dalma Garden Mall առևտրի կենտրոնում գործող որոշ խանութ-սրահներում գործում են միջսոզոնային զեղչեր: Այսպես, Basic Center, Next Kids, Women' Secret, TIME, Kargin Optics խանութներում կարելի ձեռք բերել նշված տեսականին 20-50% զեղչով:

Yerevan Mall–ի նորաբաց «Զիգզագ» կենցաղային, էլեկտրոնային և մոբայլ տեխնիկայի խանութում հոկտեմբերի 29-31 կգործի մինչև 40% զեղչ:

Իսկ հոկտեմբերի 29-ին Yerevan Mall–ում տեղի կունենա Սիրուշոյի նոր` «ԱՐՄԱՏ» ձայնասկավառակի շնորհանդեսը, կհնչեն պրեմիերաներ երգչուհու նոր ալբոմից: Շնորհանդեսի ընթացքում հնարավոր կլինի ձեռք բերել ձայնասկավառակը Սիրուշոյի մակագրությամբ, ինչպես նաև կներկայացվի «Պռեգոմեշի» նոր՝ «Ֆիդայի» հավաքածուն: Միջոցառման սկիզբը՝ ժամը 18:00-ին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---