Սմիթսոնյան ինստիտուտը` Հայաստանում գինեգործության ավանդույթների և դրանց վերածննդի մասին

Սմիթսոնյան ինստիտուտը` Հայաստանում գինեգործության ավանդույթների և դրանց վերածննդի մասին

PanARMENIAN.Net - ԱՄՆ Սմիթսոնի ինստիտուտի պաշտոնական հանդեսը հոդված է հրապարակել Հայաստանի, որպես գինեգործության օրրանի մասին:

Հոդվածում հիշատակվում է, թե ինչպես դեռևս մ.թ.ա. 8-րդ դարում Ուրարտուի արքաները Հայաստանն անվանել են «խաղողի այգիների երկիր», իսկ ասորական բանակին զարմացրել է Հայաստանում մրգատու ծառերի ու խաղողի այգիների առատությունը: Ըստ Աստվածաշնչի (Գիրք ծննդոց), Նոյն է առաջին խաղողի վազը տնկել Արարատի ստորոտում և գինովցել, ասվում է հոդվածում:

«Դարեր անց, սակայն, խորհրդային իշխանությունները գրեթե ոչնչացրեցին ավանդական գինեգործությունը Հայաստանում: 1930-ից մինչև 90-ականների սկիզբը հայ գինեգործներն ըստ հրահանգի կենտրոնացած էին կոնյակի արտադրության վրա, ոչ թե ավանդական սեղանի գինիների: Անուշադրության մատնվելով` խաղողի այգիներից շատերը անպիտան դարձան, այդ վիճակը պահպանվեց մինչև 1990-ականների վերջը, երբ գինեգործները նորից սկսեցին կյանքի կոչել այդ ոլորտը»,-ասվում է հոդվածում:

Նշվում է, որ 2010-ին Կալիֆորնիայի համալսարանի, Լոս Անջելեսի համալսարանի և Հայաստանի հնագիտության ինստիտուտի համատեղ հետազոտությունների արդյունքում Արենիում հայտնաբերվեցին աշխարհում հայտնի գինու ամենահին արտադրամասի հնագիտական վկայոությունները:

Հայաստանում հայտնաբերվել են գինու ստեղծման և պահպանման համար անհրաժեշտ հնագույն պարագաներ, որոնք մոտ 6000 տարեկան են: ՀՀ Վայոց ձորի Արենիի քարանձավներում հայտնաբերել են խաղողի մամլիչ, խաղողի կորիզների մնացորդներ, գինու կարասներ, ինչպես նաև պնակներ, որոնք հայտնաբերվել են քարանձավում գտնվող դամբարանների հարևանությամբ: Հայտնաբերված գինու անոթներն ու գինու պատրաստման համար նախատեսված սարքերը թվագրվում էին մ.թ.ա 4000 թ:

Այդպիսով, ավանդական գինեգործությունը Հայաստանում գոյություն է ունեցել դեռ 6100 տարի առաջ: Ինչպես նշվում է հոդվածում, ելնելով վերջին հայտնագործություններից, Հայաստանի նոր սերնդի գինեգործները մտադիր են վերածնել երկրի գինեգործական ավանդույթները, վերականգնել խաղողի պատմական տեսակները:

Հոդվածը նաև ներկայացրել է, թե որտեղ կարելի է համտեսել ավանդական գինու տեսակները Հայաստանում` նշելով Ռինդ, Արենի գյուղերն ու Եղեգնաձորը Վայոց ձորում, ինչպես նաև Աշտարակը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---