4 հունիսի 2007 - 14:45 AMT
ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ պատերազմը աղետ կդառնա Ադրբեջանի համար
«Ամեն օր իրանա-ադրբեջանական սահմանն են անցնում հարյուրավոր իրանցիներ, որոնք ապաստան են փնտրում հարեւան երկրում: Ընդ որում իրավիճակն անցակետերում թեժանում է ժամ առ ժամ եւ սպառնում է վերաճել բողոքի զանգվածյին ակցիաների, որոնք կարող են ամենաանսպասելի ձեւերն ընդունել:

Կատարվածի վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ չեն արվել: Սակայն, ինչպես պնդում են ադրբեջանցի սահմանապահները, սահմանը փակ է իրանական կողմի նախաձեռնությամբ, ինչը ստիպել է ադրբեջանցի մաքսավորներին համարժեք միջոցներ ընդունել: Արդյունքում հարյուրավոր իրանցի քաղաքացիներ մնացել են ադրբեջանական տարածքում: Բացի այդ, լարվածություն են առաջացնում մեծաթիվ բեռնատար եւ ուղեւորատար ավտոմեքենաներ, որոնք կուտակվել են սահմանի երկու կողմում»,-ասվում է «Ադրբեջանին միջուկային աղետ է սպառնո՞ւմ» հոդվածում, որ հրապարակվել է «Նոր ռուսական խոսք» թերթում:

Ըստ հեղինակների, Իրանի հետ սահմանակից շրջանների բնակիչները հուզումների մեջ են, եթե չասենք խուճապի, վախենալով լայնածավալ պատերազմից տարածաշրջանում: Նրանցից շատերն արդեն զրկվել են մի կտոր հացից, քանի որ հիմնականում ապրում էին առեւտրի հաշվին, Իրանից ներմուծելով սննդի եւ տնտեսական ապրանքներ:

«Ռազմական գործողություններ սկսվելու դեպքում, որին կարող է հետեւել ցամաքային գործողությունը, ինչպես դա եղավ Աֆղանստանի եւ Իրաքի հետ, Ադրբեջանը կարող է լցվել փախստականների նոր ալիքով, որոնք ապաստան կգտնեն սովորական վրանային ճամբարներում` նրանց սպասում են հակասանիտարական վիճակն ու համաճարակները: Իրանցիների զանգվածային փախուստը Ադրբեջան, որտեղ առանց այդ էլ իրենց խղճուկ վիճակում են գտնվում շուրջ մեկ միլիոն փախստականներ եւ բռնի տեղահանվածներ Հայաստանի հետ վիճահարույց տարածքներից, հղի է Ադրբեջանի համար հումանիտար աղետով: Բացի այդ, ամերիկյան ՌՕՈՒ-ի կետային հարվածները Իրանի ատոմակայանների միջուկային օբյեկտներին անխուսափելիորեն կհանգեցնեն ռադիոակտիվ վարակի եւ ռադիոակտիվ ամպերը կարող են հասնել մինչեւ Բաքու»,-ասվում է հոդվածում: