1 նոյեմբերի 2016 - 11:50 AMT
2017-ին պետական իշխանության մարմիններին բյուջեից կհատկացվի 88.2 մլրդ դրամ

2017 թվականի պետական բյուջեի նախագծով ՀՀ օրենսդիր, գործադիր, դատական իշխանության մարմինների պահպանման ծախսերի ընդհանուր գումարն՝ առանց այդ ոլորտում իրականացվող նպատակային վարկային և դրամաշնորհային ծրագրերի, ծրագրված է 88 մլրդ 175.9 մլն դրամի չափով, որը 2015-ի փաստացիի նկատմամբ կազմում է 97.5 տոկոս, իսկ 2016-ի համար հաստատվածի նկատմամբ 95.5 տոկոս: Այս մասին նոյեմբերի 1-ին Ազգային ժողովում 2017 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը:

Panorama.am-ը գրում է, որ բյուջեի նախագծում նշված է, որ հաջորդ տարի անցկացվելու են ԱԺ, Երևան քաղաքի ավագանու հերթական ընտրությունները: Այդ ընտրությունների, ինչպես նաև ՏԻՄ ընտրությունների համար ծախսերը ծրագրավորվել են համապատասխանաբար 2 մլրդ 524.4 մլն, 591.6 մլն և 183.6 մլն դրամի չափով:

ՀՀ դեսպանությունների և ներկայացուցչությունների պահպանման ծախսերը հաջորդ տարվա համար ծրագրավորվել են 9 մլրդ 635 մլն դրամի չափով:

Քննարկման ժամանակ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքվել է, թե պարբերաբար խոսվում է պետական համակարգում ծախսերի կրճատման մասին, արդյո՞ք կարող են ասել, թե հաջորդ տարի որքան կկազմի տնտեսումը: Նաև հետաքրքրվել է, թե տեղեկատվություն կա, որ դատական դեպարտամենտում հաստիքներ են կրճատվելու. «Ինձ մտահոգում է այն, թե դատական գործերի արդյունավետ և արագ սպասարկման մասով որքանով այդ կրճատումները կանդրադառնան»:

Ատոմ Ջանջուղազյանն ասել է, որ պետական իշխանության մարմինների պահպանության ծախսերի համար հաջորդ տարվա բյուջեով նախատեսվում է հատկացնել 88,2 մլրդ դրամ, ինչը նախորդ տարիների համեմատ նվազել է, սակայն խոսքը չի վերաբերում մեխանիկական կրճատումներին. «Եթե դա հիմնավորված չէ, գործառույթների օպտիմալացման արդյունք չէ, ապա վտանգը շատ մեծ է, որ դա կարող է մեկ ուրիշ տեղ ավելի մեծ ավելացման հանգեցնի»:

Ինչ վերաբերում է դատական դեպարտամենտին, ապա, ըստ նրա, 2016 թվականի համեմատ ծախսերը նվազել են մոտ 79,5 մլն դրամով, սակայն աշխատավարձերի մասով նվազում չկա:

Հոկտեմբերի 31-ին Ազգային Ժողովում հաջորդ տարվա բյուջեի շուրջ սկսված քննարկումների ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ 2017 թվականի համար կառավարությունը նպատակադրել է ՀՆԱ-ի մոտ 3.2%-ի աճ:

Կարդացեք նաև՝Նախարար. Համաշխարհային տնտեսական կառույցներն 2017-ի համար կանխատեսում են 3,4 % տնտեսական աճ