1 նոյեմբերի 2016 - 12:43 AMT
ՀՀ նախագահի աշխատակազմի բյուջեն կկրճատվի

2017 թվականի պետբյուջեի նախագծով ՀՀ նախագահի աշխատակազմի բոլոր ծրագրերի ծախսերի համար նախատեսվել է 4 մլրդ 522 մլն 944 հազար դրամ։ Այս մասին ԱԺ-ում բյուջեի քննարկման ժամանակ նշել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը։

Նա ընդգծել է, որ, 2016 թվականին նախագահի աշխատակազմի և ԱԱԽ աշխատակազմի հատկացված 5 մլրդ 97 մլն դրամի դիմաց, 2017 թվականին քննարկվող նախագծով ներկայացված գումարը նվազել է 574 մլն դրամով, գրում է Aysor.am-ը։

«Այս նվազեցումը պայմանավորված է նրանով, որ, համաձայն ՀՀ նախագահի 2016 թվականի օգոստոսի 10-ի կարգադրության, լուծարվել է «Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը և նախագահի աշխատակազմում ձևավորվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարությունը։ Ազգային անվտանգության խորհրդին նախկինում տրամադրվող 478 մլն դրամը 2017 թվականի բյուջեով նվազել է 224 մլն դրամով», - ասել է Գևորգյանը։

Վերջինս նաև նշել է, որ այս ծախսերի նվազումը պայմանավորված է կապիտալ ծախսերի և վերանորոգումների գումարների նվազեցմամբ ևս։

2017 թվականի պետական բյուջեի նախագծով ՀՀ օրենսդիր, գործադիր, դատական իշխանության մարմինների պահպանման ծախսերի ընդհանուր գումարն՝ առանց այդ ոլորտում իրականացվող նպատակային վարկային և դրամաշնորհային ծրագրերի, ծրագրված է 88 մլրդ 175.9 մլն դրամի չափով, որը 2015-ի փաստացիի նկատմամբ կազմում է 97.5 տոկոս, իսկ 2016-ի համար հաստատվածի նկատմամբ 95.5 տոկոս: