1 նոյեմբերի 2016 - 14:43 AMT
Reuters. Թրամփը բարելավել է իր ցուցանիշը` տարբերությունը թեկնածուների միջև կրճատվել է 1%-ով

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կրճատել է տարբերությունը, որը բաժանում է նրան մրցակցից` դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնից: Այդ են վկայում Reuters-ի հարցման արդյունքները, գրում է Lenta.ru-ն:

Ըստ հետազոտության տվյալների, պոտենցիալ ընտրողների 44 տոկոսը հայտարարել է, որ պատրաստ է սատարել Քլինթոնին, մինչդեռ 39 տոկոսն ասել է, որ սատարելու է Թրամփին: Հարցումն անցկացվել է հոկտեմբերի 26-31-ը:

Նախորդ տվյալների համեմատ, Քլինթոնի և Թրամփի միջև խզումն էլ ավելի արագ է կրճատվում: Real Clear Politics-ի մասնագետները ֆիքսել են, որ հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը Քլինթոնի առավելությունը նվազել է 4,6 տոկոսային կետից մինչև 2,5 կետ:

Հարցման մասնակիցները դեմոկրատների թեկնածուի վարկանիշի անկումը կապում են ՀԴԲ տնօրեն Ջեյմս Քոմիի այն հայտարարության հետ, որ իր գերատեսչությունը կվերսկսի Քլինթոնի ծառայողական նամակագրության արտահոսքի մասին գործի քննությունը: Քլինթոնն այդ առիթով ասել է, որ մտահոգված է:

Նախագահական ընտրություններն ԱՄՆ-ում կայանալու են 2016-ի նոյեմբերի 8-ին: