1 նոյեմբերի 2016 - 17:38 AMT
Գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման հայեցակարգ է մշակվել

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նոյեմբերի 1-ին խորհրդակցություն էր հրավիրել անասնաբուժության ոլորտին առնչվող խնդիրների քննարկման նպատակով:

Խորհրդակցությանը ներկա էին նաև փոխնախարարներ Ռոբերտ Մակարյանը, Արմեն Հարությունյանը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը, «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Արմեն Ավագյանը, ոլորտը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտնականներ, Հայաստանի ազգային ագրարային համալասարանի դասախոսներ և այլոք:

«Դոնոր կազմակերպությունների օժանդակությամբ մշակվել է ՀՀ-ում գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման հայեցակարգը, և այժմ քննարկվում են դրա ֆինանսավորման հարցերը: Կարծում եմ երկրորդ կարծիք լինել չի կարող, որ անասնաբույժները պետք է լինեն հաստիքային աշխատողներ և ֆինանսապես առավել պաշտպանված, ինչի վերաբերյալ մենք համապատասխան առաջարկություն կներկայացնենք կառավարության քննարկմանը:

Բացի այդ, մենք այլևս տոհմային երինջների ներկրում չեն իրականացնելու, այլ ներսում ենք կազմակերպելու դրանց վերարտադրությունը, քանի որ ունենք տեղում այդ աշխատանքներն իրականացնելու հնարավորությունն ու կարողությունները», - հայտնել է նախարարը:

Խորհրդակցության ընթացքում մասնավորապես քննարկվել է գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների կանխարգելման, բակային մորթի արգելման և սպանդանոցային մորթի անցման, անասնաբույժների մասնագիտական պատրաստվածության, հարկադիր սպանդի ենթակա հիվանդ կենդանիների դիմաց փոխհատուցման տրամադրման, վերահսկողության խստացման և այլ հարցեր:

Մասնագետների կողմից առաջարկներ հնչեցին անասնաբույժների կարգավիճակի հստակեցման, վարձրատրության բարձրացման, կենդանիների համարակալման, հիվանդությունների կանխարգելման նպատակով հանրային իրազեկման ծրագրերի իրականացման, արհեստական սերմնավորման կիրառման, ներքին վերարտադրության կազմակերպման վերաբերյալ: