2 նոյեմբերի 2016 - 13:21 AMT
ԱՄՆ ՀԴԲ-ն գաղտնազերծել է ժամանակին Բիլ Քլինթոնի դեմ հարուցված փակ գործի նյութերը

ԱՄՆ ՀԴԲ-ն գաղտնազերծել է ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի դեմ հարուցված փակ գործի նյութերը` 129 էջ:

Հետաքննությունը վերաբերում էր թրեյդեր Մարկ Ռիչիի ներմանը, որի մասին որոշումը Քլինթոնն ընդունել է իր երկրորդ նախագահական ժամկետի ավարտին` 2001թ.: Նախագահի գործողությունները ստուգվել են օրինական լինելու առումով, քանի որ Ռիչն ամուսնացած էր Դենիզ Էյզենբերտ Ռիչի հետ, որը բազմիցս է գումարներ նվիրաբերել Դեմոկրատական կուսակցությանը: Ներման ժամանակ հարկերից խուսափելու մեջ մեղադրվող Ռիչն ապրում էր Շվեյցարիայում, գրում է Meduza-ն:

Հետաքննությունը սկսվել էր Քլինթոնի պաշտոնանկությունից մեկ տարի անց: 2005-ին ՀԴԲ-ն եկել էր այն եզրակացության, որ օրենքի խախտում չի եղել:

Հիլարի Քլինթոնի շտաբի ներկայացուցիչներն արդեն քննադատել են ՀԴԲ-ին նրա ամուսնուն առնչվող հետաքննության նյութերի հրապարակման համար ԱՄՆ նախագահի ընտրություններից մեկ շաբաթ առաջ: Քլինթոնի մամուլի քարտուղար Բրայան Ֆելոնը, մասնավորապես, հայտարարել է, որ ակնկալում է ՀԴԲ-ից Դոնալդ Թրամփի դեմ նմանատիպ հետաքննության նյութերի հրապարակում:

Ավելի վաղ ՀԴԲ-ն հայտարարել էր Հիլարի Քլինթոնի դեմ հետաքննության վերսկսման մասին, քանի որ նա ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում օգտվել է անձնական փոստային սերվերից: