5 հունիսի 2007 - 16:30 AMT
Վ.Օսկանյան. Ղարաբաղյան գործընթացի ցանկացած հարց մենք կլուծենք միայն Ղարաբաղի կարգավիճակը որոշելուց հետո
«Հայաստանի համար գլխավորը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, առանց այդ հարցի լուծման ուրիշ որեւէ բանի մասին խոսելը ավելորդ է»,-Մորատինոսի հետ Երեւանում կայացած համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, ղարաբաղյան հակամարտությունը սկսվեց նրանից, որ Ադրբեջանի իշխանություններրը մերժեցին Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքը: «Հաջորդած բոլոր իրադարձությունները` շրջափակումը, Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմը, հակամարտությունը դժվար լուծելի դարձրեցին: Ես մեկ անգամ եւս կրկնում եմ` կարգավորման հետ կապված ցանկացած հարց մենք կլուծենք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելուց հետո միայն»,-ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:

Իր հերթին ԵԱՀԿ գործող նախագահը նշել է, որ երկու կողմերը հավատարիմ են հակամարտության քաղաքական լուծմանը: «Մենք հուսով ենք եւ հավատում ենք քաղաքական փոխզիջման: Ցանկացած հակամարտություն դժվար է կարգավորել, այդ թվում նաեւ ղարաբաղյան հակամարտությունը»,-ասել է Մորատինոսը, օրինակ բերելով Հարավային Օսիայի չկարգավորված հակամարտությունը: