2 նոյեմբերի 2016 - 12:38 AMT
Նախարար. Ընտանիքներին սոցիալապես անապահով ճանաչելու մեխանիզմները կվերանայվեն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատրաստվում է վերանայել ընտանիքներին անապահով ճանաչելու մեխանիզմները: Այս մասին խորհրդարանական հանձնաժողովներում 2017 թվականի պետբյուջեի քննարկման ժամանակ ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Սոցիալական պաշտպանության ոլորտին կհատկացվի 409 մլրդ դրամ, կենսաթոշակներին և թոշակներին կհատկացվի 248 մլրդ 4 միլիոն դրամ, նպաստների համար նախատեսվում է տրամադրել 79 միլիարդ դրամ. ընդհանուր նպաստառուների թիվը 225.300 է:

Նախարարն ընդգծել է, որ տարվում են աշխատանքներ սոցիալապես անապահով ընտանիքների համար գազի ու էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման ուղղությամբ։

«Մենք քննարկում ենք նաև սոցիալապես անապահով ընտանիքներ եզրույթը ևս, որտեղ հաշվառվում են այն ընտանիքները, ովքեր գտնում են, որ իրենք անապահով են։ Իհարկե, համակարգն ունի համապատասխան գործիքակազմ, իսկ միավորը 30,01-ն է, սակայն նախատեսվում է նաև այս մեթոդաբանության վերանայում», - ասել է Ասատրյանը:

Վերջինիս խոսքով՝ գործող համակարգն աշխատում է անուղղակի գնահատման մեթոդաբանությամբ, որովհետև ձեռքի տակ չունի բոլոր քաղաքացիների եկամուտները, գրում է Aysor.am-ը:

«Ճիշտ մեթոդաբանությամբ պիտի գնահատվեն եկամուտները ու սոցիալական աշխատողի եզրակացությունը, ով պիտի այցելի տուն, ընտանիք ու եզրակացությունը տա», - ասել է նա և հավելել, որ այս ուղղությամբ ևս տարվում են աշխատանքներ և մշակվում են նոր մեխանիզմներ։ 

Ասատրյանը նաև նշել է, որ ընտանեկան նպաստների ծրագրերի իրականացման համար կհատկացվի մոտ 1,1 մլրդ դրամ։

Նախարարի խոսքով՝ զինծառայողների ընտանիքներին տրվող պարգևավճարների և կուտակային կենսաթոշակների մասով նախատեսվում է որոշակի ավելացում և որպես նոր նախաձեռնություն նախատեսվում է աուտիզմ ուենցող դեռահասներին և երիտասարներին զբաղվածության և սոցիաական ու հոգեբանական ծառայությունների տրամադրում։

Կարդացեք նաև՝ Երեխա ունեցող մինչև 24 տարեկան գործազուրկ կանայք բյուջեից աջակցություն կստանան