2 նոյեմբերի 2016 - 14:20 AMT
ՅՈՒՆԵՍԿՕ. Տարեկան մոտ 80 լրագրող է զոհվում

Լրագրողների աշխատանքն այնքան վտանգավոր է, որ հաճախ նրանք դա անում են նաև կյանքի գնով: Վերջին 10 տարում մարդասպանների ձեռքից տարեկան միջինը ավելի քան 80 լրագրող է մահանում: Այս տվյալները ներկայացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն:

«Մենք տեսնում ենք, որ այդ սարսափելի թիվը` թե որքան լրագրող է սպանվել աշխարհում, աճում է, ոչ թե նվազում: Ընդհանուր առմամբ 2006-ից ի վեր սպանվել է 827 լրագրող»,-ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հաղորդակցությունների և տեղեկատվության բաժնի մասնագետ Մարիուս Լուկոշյունասը, գրում է Rosbalt-ը:

Լրագրողների դեմ հանցագործությունների անպատժելիությամբ առաջին հորիզոնականներում են հակամարտության գոտիները`Սոմալին, Իրաքն ու Սիրիան, ավելի վաղ հայտնել էր Լրագրողների պաշտպանության կոմիտեն: Սակայն լրագրողները զոհվում են նաև խաղաղ ժամանակ` բոլոր երկրներում սպանությունների 95%-ի դեպքում թիրախում այն լրագրողներն էին, որոնք լուսաբանում էին կոռուպցիայի հարցերը, պետական կառույցների և բնապահպանական խնդիրները:

Նոյեմբերի 2-ը նշվում է որպես լրագրողների դեմ հանցագործությունների անպատժելիության կասեցման միջազգային օր: