Իրանի հետ գազի առուվաճառքի, տարանցման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը նախաստորագրվել է

Իրանի հետ գազի առուվաճառքի, տարանցման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը նախաստորագրվել է

PanARMENIAN.Net - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության պատվիրակության հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Իրան կատարած այցի շրջանակներում նախաստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ գազի առք ու վաճառքի և տարանցման վերաբերյալ։ Հուշագիրը նախաստորագրվել է Իրանի գազի արտահանման ազգային ընկերության և «Էներգաիմպեքս» ՓԲԸ միջև։

Փաստաթուղթը առաջիկայում սահմանված կարգով կներկայացվի ստորագրման։

Հուլիսի 26-ին Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն հայտարարել է, որ Իրանից Հայաստան առաքվող գազի ծավալը 3 անգամ կավելանա: Գործադիրի օգոստոսի 4-ի որոշմամբ կստեղծվի «Էներգաիմպէքս» ՓԲԸ, որը հնարավորություն կընձեռի ավելացնել բնական գազի ներկրումը Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից՝ առավել արդյունավետ դարձնելով Իրան-Հայաստան գազամուղի օգտագործումը:Նույն որոշմամբ՝ ընկերության կանոնադրական կապիտալում ներդրում կատարելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը գումար կհատկացվի:

Ընկերության կանոնադրական կապիտալի չափը սահմանել 100.000 դրամ, որը բաժանված է 100 հասարակ (սովորական) բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով: Ընկերության բոլոր բաժնետոմսերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը:

Իրան կատարած այցի շրջանակում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հ. Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել էներգետիկ ոլորտի պատասխանատուների հետ։

ԻԻՀ նավթի նախարարի տեղակալ, գազի ազգային ընկերության տնօրեն Հ. Արաղի և Իրանի գազի արտահանման ազգային ընկերության գործադիր տնօրենի պաշտոնակատար Ա. Ամիրանիի հետ քննարկվել են գազի բնագավառում երկու երկրի գործակցության ներկա վիճակը և տարածաշրջանային համագործակցության ընդլայնման, մասնավորապես Հայաստանի տարածքով դեպի երրորդ երկրներ գազի տարանցման հեռանկարները։

Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև ԻԻՀ էներգետիկայի նախարարի տեղակալ Հ. Ֆալահաթիանի և նախարարի խորհրդական Հ. Հայերիի հետ։ Հանդիպումների առանցքում եղել են էլեկտրաէներգետիկայի բնագավառում էլեկտրաէներգիայի փոխհոսքերի ծավալների մեծացման հարցերը՝ հաշվի առնելով տարածաշրջանային համագործակցության ընդլայնման հեռանկարները։ Կողմերն անդրադարձել են էլեկտրահաղորդման գծերի առկա թողունակության շրջանակներում Հայաստան-Իրան-Վրաստան փոխհոսքերի ավելացմանը, ինչպես նաև սպասվող նոր ենթակառուցվածքների գործարկումից հետո Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան տարածաշրջանային համագործակցությանը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---