ԵԱՀԿ ղեկավարը հուսով է, որ Քոչարյան-Ալիեւ հանդիպումը քաղաքական հիմք դրեց Ղարաբաղի շուրջ հետագա բանակցությունների համար

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Երեւան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Միգել Անխել Մորատինոսին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում է նաեւ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գորան Լենմարկերը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Ողջունելով պարոն Միգել Անխել Մորատինոսի այցը Հայաստան` վարչապետը հույս է հայտնել, որ այն կնպաստի ոչ միայն ԵԱՀԿ-ի հետ մեր երկրի համագործակցության առավել խորացմանը, այլեւ հայ-իսպանական երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը: ԵԱՀԿ գործող նախագահ, Իսպանիայի Թագավորության արտգործնախարարը եւս կարեւորելով այդ համագործակցությունը, նշել է, որ Իսպանիան եւ Հայաստանն արդեն ժամանակն է, որ հայտարարեն քաղաքական, տնտեսական, մշակութային ու այլ ոլորտներում նոր որակի հարաբերություններ հաստատելու եւ ամրապնդելու մասին: Նա նշել է, որ Իսպանիան պատրաստվում է Հայաստանում բացել դեսպանատուն, ինչը եւս զգալիորեն կնպաստի երկկողմ հարաբերությունների սերտացմանը:



ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ, ներկայացնելով իր երկրի տնտեսական հնարավորությունները եւ նշելով, որ բավականին տպավորված է Հայաստանի տնտեսական ցուցանիշներով ու տնտեսության դինամիկ աճով, Միգել Անխել Մորատինոսն ասել է, թե աշխարհում ամենախոշոր ներդրողներից մեկը համարվող Իսպանիան Հայաստանում եւս կարող է ամենատարբեր ոլորտներում զգալի ներդրումներ կատարել: Նա ընդգծել է, որ իբրեւ ԵԱՀԿ գործող նախագահ եւս, այս այցը էական է, նկատի առնելով, որ այնպիսի զգայուն հարցերում, ինչպիսին է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը, սպասվում են կարեւոր որոշումներ, եւ ԵԱՀԿ-ի առաքելությունն է այդ բանակցություններում ներգրավված ճիշտ որոշում կայացնող անձանց խրախուսելն ու հայ եւ ադրբեջանական ժողովուրդների համար դրական միջավայր ստեղծելը:



Մինչ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ ՀՀ վարչապետի հետ ավելի մանրամասն զրուցելը, ԵԱՀԿ գործող նախագահը նախ շնորհավորել է նրան` Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ, շեշտելով, որ ԵԱՀԿ դիտորդական առաքելության բարձր որակավորում ունեցող մասնագետները շատ դրական ու գերազանց գնահատականներ են տվել ընտրություններին: Նա նշել է, որ ըստ այդմ, լավ հիմք է ստեղծված ՀՀ նախագահական ընտրություններից առաջ այդ փորձն օգտագործելու, նաեւ` որոշակի բարելավումների ուղղությամբ աշխատանք տանելու համար: Միգել Անխել Մորատինոսը հավաստիացրել է, որ ԵԱՀԿ-ն պատրաստակամ է այդ ժամանակ եւս հնարավորինս աջակցելու բարձր մակարդակով եւ եվրոպական չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու համար:



Շնորհակալություն հայտնելով հնչած գնահատականների եւ շնորհավորանքի համար, ՀՀ վարչապետն ասել է, որ ՀՀ խորհրդարանական ընտրությունները հետագա ընտրությունների համար որոշակի չափանիշ լինելով հանդերձ, դեռեւս կատարելագործման կարիք ունեն, որպեսզի համարվեն ամբողջությամբ միջազգային չափանիշներին համապատասխան: Նա հույս է հայտնել, որ մինչ այդ իրականացվելիք աշխատանքի արդյունքում, 2008թ. ՀՀ քաղաքական բոլոր ուժերին կհաջողվի անցկացնել ավելի լավ ընտրություններ, քան 2007թ. էր:



Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման հարցին, Սերժ Սարգսյանը վերահաստատել է հայկական կողմի մոտեցումը` հակամարտությունը փոխզիջման եւ խաղաղ ճանապարհով լուծելու վերաբերյալ: Վարչապետը միաժամանակ նկատել է, թե Ադրբեջանի նախագահի հայտարարությունները լսելիս առանձնապես լավատեսությամբ չի համակվում, այդուհանդերձ, հույս ունի, որ առաջիկայում երկու երկրների նախագահների սանկտ-պետերբուրգյան հանդիպումն արդյունավետ կլինի: ԵԱՀԿ գործող նախագահը եւս լավատեություն է հայտնել, հուսալով, որ այդպիսով քաղաքական հիմք կդրվի հետագա բանակացությունների համար:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---