Ամերիկահայ բարերարը մարել է Գյումրու «Շիրակ կենտրոնի» հարկային պարտքը

Ամերիկահայ բարերարը մարել է Գյումրու «Շիրակ կենտրոնի» հարկային պարտքը

PanARMENIAN.Net - Գյումրու «Շիրակ կենտրոնի» բազմաթիվ բարեգործական ծրագրերի հովանավոր, ամերիկահայ բարերար Վարդան Նազարյանը ավելի քան 4 մլն դրամ է վճարել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին՝ փակելով հասարակական կազմակերպության հարկային պարտքը:

Այսպիսով, փակվել է հարկայինի կողմից, անօթևան ընտանիքների համար գնված 10 բնակարանի համար պահանջվող մոտ 5 մլն դրամ կազմող` մայր գումարը և կանգնեցվել է տույժ ու տուգանքների աճը:

Ավելի վաղ հանգանակությունների միջոցով ՊԵԿ-ին վճարվել է 700.00 դրամ:

Թեև, դեռևս հարկայինը կազմակերպությունից պահանջում է վճարել 1 մլն 700.00 դրամ գումար, որը գոյացել է որպես տույժ ու տուգանք: ՀԿ-ն նշում է, որ այնուհանդերձ հարկային բեռի թեթևացումը հնարավորություն կտա, որպեսզի «Շիրակ կենտրոնի» գործունեությունը բնականոն հուն վերադառնա:

Մասնավորապես առաջիկա երկու ամիսներին բնակարան է նվիրաբերվելու երեք անօթևան ընտանիքի, քանդվելու և որպես վառելափայտ բաժանվելու են նրանց վագոն-տնակները, հարյուրավոր անօթևան ընտանիքների բաժանվելու է վառելափայտ, տնակային ավաններում բնակվող ընտանիքների 150 երեխայի և միայնակ 70 տարեցի համար կազմակերպվելու են ամանորյա միջոցառումներ:

«Շիրակ կենտրոնի» գործընկերներ՝ ամուսիններ Հարութ Պողոսյանի և Սեդա Տեր-Մինասյանի աջակցությամբ նորակառույց բնակարան է նվիրաբերվել Գյումրու նախկին կոմերտմիության այգու տնակային ավանում բնակվող երիտասարդ անօթևան ընտանիքին:

Հոկտեմբերի 11-ին հայտնի է դարձել, որ «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանին, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Գյումրու ՏՀՏ-ից տեղեկացվել է, որ անօթևան ընտանիքներին բնակարաններ նվիրաբերելու պատճառով «Շիրակ կենտրոն» կազմակերպության նկատմամբ առաջացած ավելի քան հինգ մլն դրամի հարկ ու տուրքը վճարելու համար տրված ժամանակը սպառվել է: Հաշված օրերում այդ գումարը չվճարելու դեպքում բավականին լուրջ հետևանքներ կլինեն, ընդհուպ մինչև կազմակերպության ղեկավարի հանդեպ քրեական գործի հարուցումը, տեղեկացնում է կենտրոնը:

Անօթևան ընտանիքներին բնակարաններ նվիրելու պատճառով առաջացած հարկային բեռը զիջելու մասին ՀՀ բարձրագույն իշխանություններին հղած խնդրանքներն ու դիմումները մերժվել են:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---