Կայացել է Հայաստանի ներկայիս կառավարության վերջին նիստը

PanARMENIAN.Net - Կայացել է ՀՀ ներկայիս կառավարության վերջին նիստը, որը վարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Մինչ օրակարգի հարցերին անցնելը, ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել կառավարության անդամներին` համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Իր խոսքում նա, մասնավորապես, նշել է. «Ձեզանից մի մասը շարունակելու է աշխատել գործադիրում, մի մասը գնալու է խորհրդարան եւ, համոզված եմ, որ այստեղ ձեռք բերած գիտելիքները, նաեւ` ձեր փորձը, շատ օգտակար կլինեն օրենսդիրում աշխատելու համար»: Ռոբերտ Քոչարյանը նաեւ նշել է, որ անցած չորս տարիներն ամենից արդյունավետ տարիներն էին Հայաստանի համար եւ առանձնացել են արդյունավետ բարեփոխումներով, աննախադեպ տնտեսական աճով, ինչը հնարավորություն է ստեղծել էական հարցեր լուծելու սոցիալական ոլորտում: «Վերջին ընտրությունները ցույց տվեցին նաեւ, որ մենք պատրաստ ենք եւ ի վիճակի ենք ժողովրդավարացման գործում եւս լուրջ հաջողություններ ունենալ: Եվ այս բոլորի մեջ դուք` կառավարության անդամներդ, այս կառավարությունը, ունեք ձեր ներդրումը եւ կարող եք դրանով հպարտանալ: Իհարկե, համաչափ չեն հաջողությունները տարբեր ոլորտներում, եւ հպարտության զգացումը տարբեր նախարարների մոտ նաեւ տարբեր աստիճանի պետք է լինի»,- ընդգծել է ՀՀ նախագահը: Նրա խոսքերով, այսօր բոլորը պարտավոր են եւս մեկ անգամ հիշել Անդրանիկ Մարգարյանին, ով այս կառավարությունը ղեկավարել է երկար ժամանակ եւ, իհարկե, այս հաջողությունների մեջ իր ներդրումը, իր ավանդն էական է:



«Ափսոսանքով կարող եմ ասել, որ ոչ բոլոր ուղղություններով էին բարեփոխումների ծավալը եւ խորությունն այն չափի, որը ցանկալի էր: Կյանքի որակի բարելավումը եւս համաչափ չէր Հայաստանի ամբողջ տարածքում: Կարծում եմ, սրանք այն խնդիրներն են, որոնցով պետք է զբաղվի հաջորդ կառավարությունը: Չեմ կասկածում, որ հաջորդ կառավարությունը եւս արդյունավետ է աշխատելու, բոլոր նախադրյալները կայուն զարգացման համար երկիրն ունի: Ակնհայտ է, որ կառավարությունն ունենալու է խորհրդարանում համոզիչ մեծամասնություն, հենարան, որը հնարավորություն է տալու ավելի ակտիվ կառավարել երկիրը»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---