4 նոյեմբերի 2016 - 10:56 AMT
Թուրքիայի Դիարբեքիրում հզոր պայթյուն է որոտացել. Կա 1 զոհ, 30 վիրավոր

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի Բաղլար թաղամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել:

Hurriyetdailynews.com-ը Doğan լրատվական գործակալությանը հղումով գրում է, որ պայթյունն տեղի է ունեցել առավոտյան ժամը 8-ին Բաղլարում գտնվող ոստիկանական շտաբի շենքի մոտակայքում: Վնասվել են տարածքում գտնվող շենքերը, կա 1 զոհ և 30 վիրավոր:

Շինությունը նախկինում ծառայել է որպես ոստիկանության կադետների դպրոց և գտնվում է Դիարբեքիրի բանտից 200 մետր հեռավորության վրա:

Նախնական վարկածի համաձայն՝ ահաբեկչությունն իրականացվել է պայթուցիկներով լի մեքենայի պայթեցման միջոցով: Պայթյունից հետո Դիարբեքիրի տարածքում բախումներ են սկսվել ոստիկանության հատուկ ջոկատների և «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման միջև:

ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:

Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը, ով ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։