4 նոյեմբերի 2016 - 13:44 AMT
Իրաքի բանակը վերսկսել է Մոսուլի գրոհը

Իրաքյան բանակի էլիտար ստորաբաժանումները նոյեմբերի 4-ի առավոտյան վերսկսել են հարձակումը ԻՊ դիրքերին Մոսուլի արևելքում:

Զինվորականներն արևելյան արվարձան Գոկջալիից շարժվել են դեպի արևմուտքում գտնվող գերեզմանոցը, որտեղ շուտով մարտեր են սկսվել ահաբեկիչների հետ, գրում է Ինտերֆաքսը:

Զինծառայողներին աջակցում է ԱՄՆ գլխավորած կոալիցիայի օդուժը, ինչպես նաև հրետանին: Ահաբեկիչներն առաջին հերթին ավտոդողեր են հրկիզել` ծխածածկույթի միջոցով դժվարացնելու համար ավիացիայի գործողությունները:

Մոսուլի գրոհն ընթանում է 3 ուղղությամբ` մասնակցում են Իրաքի զինվորականները, ոստիկաններն ու կամավորականները: Սակայն առայժմ հաջողություն է գրանցվել միայն արևելյան ուղղության վրա, որտեղ որոշ տեղերում զինվորականներին հաջողվել է մուտք գործել քաղաք: Սակայն խոսքը դատարկ գոտիների մասին է, որտեղ հիմնականում չկան կառույցներ: Իսկ հիմնական դիմադրությունն ահաբեկիչների կողմից սպասվում է Մոսուլի բնակելի թաղամասերում, որոնց գրոհը դեռ չի սկսվել:

Իրաքի բանակի հակաահաբեկչական ստորաբաժանումները սկսել են Մոսուլի գրոհը, որը երկու տարուց ավելի է վերահսկում են «Իսլամական պետության» գրոհայինները: Հատուկջոկատայինները քաղաք են մտել արևելյան մասից` Էլ Քարամա թաղամասից:

Հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան քուրդ աշխարհազորայիններն ու Իրաքի բանակը սկսել են Մոսուլի ազատագրման գործողությունը: Քրդերի ռազմականացված «փեշմերգա» ջոկատները հսկողություն են հաստատել իրաքյան Մոսուլի մատույցներում գտնվող 7 բնակավայրում: