Հայաստանի հավաքականը հաղթեց Լեհաստանի հավաքականին

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականը, որգեւորված Ղազախստանի հավաքականի հանդեպ վերջերս տարած հաղթանակով` 2:1, Համլետ Մխիթարյանի ջանքերով տարավ երկրորդ հաղթանակը: Այս անգամ Յան Պորտերֆիլդի սաները իրենց դաշտում հաղթեցին լեհերին: Դաշտի տերերը «Ա» խմբի առաջատարների դեմ պայքարի դուրս եկան թուլացված կազմով: Հիմնական կազմի միանգամից հինգ խաղացողներ տարբեր պատճառներով ստիպված էին բաց թողնել այդ խաղը: Նրանց թվում էր նաեւ դարպասապահ Ռոման Բերեզովսկին, որը բացակա էր մրսածության պատճառով: Նրա տեղը դարպասներում զբաղեցրեց իրանական «Պաս» ակումբի դարպասապահ Գեւորգ Կասպարովը: Հյուրերը, որոնք վեց անընդմեջ հաղթանակ էին տարել ընտրական մրցաշարում, այդպես էլ չկարողացան կոտրել հայկական խմբի կազմակերպված պաշտպանությունը, որն, իր հերթին, 66-րդ րոպեին Համլետ Մխիթարյանի ջանքերով խփեց միակ գոլը: Հանդարտ մեկնարկից հետո խաղը աշխուժացավ առաջին խաղակեսի միջին մասում: Անկյունայինի խաղարկումից հետո դարպասների մոտ վտանգավոր պահ ստեղծեց Ռոբերտ Արզումանյանը: Լեհերը պատասխանեցին Մարեկ Սագանովսկու վտանգավոր հարվածով, որին արձագանքեց հայկական հավաքականի դարպասապահ Գեւորգ Կասպարովը: Շուտով Կասպարովը կարողացավ դիմակայել Յացեկ Քշինուվեկի տուգանային հարվածին: Այնուհետեւ Վոյցեխ Լոբոդզինսկու հարվածից հետո գնդակը հայտնվեց Սագանովսկու մոտ, սակայն նա վրիպեց դատարկ դարպասներին հարվածելիս: Երկրորդ խաղակեսում հյուրերը շարունակում էին մի փոքր առավելություն պահպանել: 57-րդ րոպեին գոլի բավականին լավ հնարավորություն չիրականացրեց Լոբոդզինսկին, որին շուտով փոխարինեց վետերան Մացեյ Ժուրավսկին: Սակայն 66-րդ րոպեին Հայաստանը անսպասելիորեն առաջ անցավ հաշվի մեջ: Յացեկ Բոնկը խախտեց կանոնները Արամ Հակոբյանի հանդեպ դարպասներից 20 մետր հեռավորության վրա եւ Մխիթարյանը տուգանայինից շեշտակի հարվածով գոլ խփեց շոտլանդական «Սելտիկի» դարպասապահ Արթուր Բորուցի դարպասներին: Մնացած ժամանակ հյուրերը բոլոր ուժերով փորձում էին հավասարեցնել հաշիվը: Կասպարովը կասեցրեց Յակուբ Բլաշիկովսկու եւ Ժուրավսկու վտանգավոր հարվածները: Սակայն ավելացրած րոպեներին փոխարինման դուրս եկած Արման Քարամյանն բոլոր շանսերն ուներ հայկական թիմի հաղթանակը առավել խոշոր դարձնելու համար:



Այդպիսով, հաղթելով լեհերին` Հայաստանի հավաքականը իր խմբում բարձրացավ վեցերոդ տեղը եւ հավասարվեց հինգերորդ հորիզոնականում գտնվող բելգիացիներին, որոնք նույնպես յոթ միավոր ունեն, սակայն մեկ հանդիպում ավել են անցակցրել: Հաջորդ իր խաղը Հայաստանի հավաքականը կանցկացնի օգոստոսի 22-ին` իր դաշտում ընդունելով Պորտուգալիայի թիմին:
 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---