4 նոյեմբերի 2016 - 12:37 AMT
Թուրքիան թույլ չի տալիս Գերմանիային €58 մլն ներդնել «Ինջիրլիք»-ի զարգացման համար

Գերմանիան մտադիր էր €58 մլն ներդնել Թուրքիայում գտնվող ՆԱՏՕ-ի «Ինջիրլիք» ռազմակայանի զարգացման համար: Սակայն, Անկարան թույլտվություն չի տալիս: Այդ մասին հայտնել է գերմանական Die Welt-ը` «կանաչների» հարցման վերաբերյալ կառավարության պատասխանի վրա հղումով, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Թուրքական կողմը դեռ շինաշխատանքների թույլտվություն չի տվել, դաշնային կառավարությունն անորոշ վիճակում է»,-ասել է «կանաչների» կուսակցությունից պատգամավոր Ագնեշկա Գրուբերը:

Ռազմակայանի զարգացման աշխատանքները պետք է հունիսին մեկնարկեին, սակայն ձգձգվեցին ԳԴՀ և Թուրքիայի միջև քաղաքական տարաձայնությունների պատճառով: Մասնավորապես, հունիսի 2-ին դաշնային խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի գրեթե միաձայն հաստատումից հետո Թուրքիան արգելեց գերմանացի պատգամավորներին՝ այցելել Ինջիրլիք ռազմաբազայում գտնվող իրենց զինվորներին: Գերմանիան ի պատասխան սպառնում էր հետ կանչել զինվորականներին:

Ակնկալվում էր, որ մոտ 26 մլն եվրո կծախսվի գերմանական բազմաթիրախ Tornado կործանիչների համար օդակայանի և զինվորների կացարանների կառուցման համար: Մնացած 30 միլիոնը կծախսվի ժամանակակից շարժական հրամանատարական կետի ստեղծման համար: Ըստ պաշտպանության նախարարության, դա անհրաժեշտ է անկախ նրանից «Ինջիրլիքը» կօգտագործվի, թե ոչ:

Այժմ ԳԴՀ և Գերմանիայի միջև նոր սկանդալ է բռնկվում: Ավելի վաղ Էրդողանը քննադատել էր Գերմանիային Գյուլենի կազմակերպության անդամների հարցում այդ երկրի դիրքորոշման համար, որին Անկարան պատասխանատու է համարում հեդաշրջման անհաջող փորձի համար: ԳԴՀ ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը պատասխանեց, որ «չի հասկանում Էրդողանի արտահայտությունների տրամաբանությունը»: