4 նոյեմբերի 2016 - 13:04 AMT
Հալեպում 10-ժամյա հումանիտար դադարը մեկնարկել է

Նոյեմբերի 4-ին 10:00-ին Հալեպում մեկնարկել է հումանիտար դադարը, որը կտևի մինչև ժամը 20:00 (Երևանի ժամանակով): Ավելի վաղ համապատասխան հայտարարություն էր արել ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը:

«Խուսափելու համար անիմաստ զոհերից` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ որոշում է կայացվել հումանիտար դադար հայտարարել Հալեպում նոյեմբերի 4-ին»,-ասել էր Գերասիմովը:

Որոշումը համաձայնեցված է Սիրիայի ղեկավարության հետ:

Գեներալը նշել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ-ն չի կարողանում տարանջատել ահաբեկիչներին ընդդիմությունից, ՌԴ ՊՆ-ն դիմում է «անմիջապես զինյալ կազմավորումների բոլոր ղեկավարներին` կոչ անելով դադարեցնել մարտական գործողություններն ու դուրս գալ Հալեպից սեփական զենքով»:

«Այդ նպատակով 2 միջանցք է բացվել: Մեկը տանում է դեպի Թուրքիայի հետ սահման, մյուսը` դեպի Իդլիբ: Մնացած 6 միջանցքը նախատեսված է խաղաղ բնակիչների համար, վիրավորների և հիվանդների տարհանման համար»,-ասել է Գերասիմովը, հայտնում է Ինտերֆաքսը:

ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը մեղադրել է Սիրիայի զինյալ ընդդիմությանը Հալեպում միջազգային հումանիտար նորմերի խախտման մեջ: Ըստ սիրիական բանակի տվյալների, հոկտեմբերի 29-ին և 30-ին Հալեպում գնդակոծությունների հետևանքով 84 մարդ է զոհվել, ևս 280-ը` վիրավորվել:

Ավելի վաղ Սիրիայի գծով ՄԱԿ հատուկ դեսպանորդ Ստեֆան դե Միստուրան հայտարարել էր, որ «ցնցված է այն հանգամանքից», որ ապստամբները Հալեպում որպես թիրախ ընտրում են քաղաքի քաղաքացիական բնակչությունը:

Արդեն մի քանի ամիս է մոտ 275.000 մարդ է շրջափակված Հալեպի արևելյան մասում: Սննդամթերքի և դեղորայքի առաքում գործնականում չի իրականացվում: