4 նոյեմբերի 2016 - 12:56 AMT
«Սանիտեք»-ի ղեկավարը կկանգնի դատարանի առաջ. Չի ապահովել աշխատանքի պաշտպանությանը վերաբերվող պահանջները

Երևանում սանմաքրման և աղբահանության աշխատանքներ իրականացնող «Սանիտեք» ընկերության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Վահե Փայտյանը կկանգնի դատարանի առաջ:

Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ չի ապահովել ՀՀ աշխատանքային օրեսգրքով սահմանված աշխատանքի պաշտպանությանը վերաբերվող պահանջները, գրում է Panorama.am-ը:

Մասնավորապես, Փայտյանը հարահանգավորումներ չի անցկացրել աշխատակիցներ` վարորդ Հովհաննես Խաչատրյանի և բանվոր Նորայր Նուրիջանյանի հետ, ինչի արդյունքում աղբատար ավտոմեքենայի հետ աղբաթափման աշխատանքներն իրականացնելիս խախտել են անվտանգության կանոնները` ավտոմեքենայի հիդրավլիկ համակարգի միացված լինելու պայմաններում բանվոր Նորայր Նուրիջանյանը մտել է փաթեթավորման բունկերի մեջ, որի ժամանակ էլ պատահաբար միացել է փաթեթավորման գլանը և Ն.Նուրիջանյանի առողջությանն անզգուշությամբ պատճառել է կյանքի հետ անհամատեղելի գանգուղեղային բաց վնասվածք, և դրա հետևանքով Ն. Նուրիջանյանը մահացել է:

Փայտյանի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 157 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ»: Քրեական գործը նոյեմբերի 2-ին ուղարկվել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել դատավոր Տաթևիկ Գրիգորյանին:

Դեռևս 2012-ին հայտարարված միջազգային մրցույթին աշխարհի 8 երկրներից հայտ ներկայացրած մասնագիտացած ընկերություններից 2013-ին ընտրվեցին երկուսը՝ Արևմտյան հատվածով (Աջափնյակ, Դավթաշեն, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջաններ)՝ լիբանանյան Sanitek s.a.r.l ընկերությունը և Արևելյան հատվածով (Արաբկիր, Ավան, Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն, Նորք-Մարաշ, Նոր Նորք և Նուբարաշեն վարչական շրջաններ)՝ հայ-շվեդական «Էկոգրուպ» և «ԼԼ Միլյոքոնսուլտ» ընկերությունների կոնսորցիումը: