Նախարար. Պետպատվերի գումարը հիվանդանոցին տրվելու է հիվանդի անհատական դիմումից ելնելով

Նախարար. Պետպատվերի գումարը հիվանդանոցին տրվելու է հիվանդի անհատական դիմումից ելնելով

PanARMENIAN.Net - Առողջապահության համակարգում պետպատվերի գումարը հիվանդանոցին տրվելու է կոնկրետ հիվանդի անհատական դիմումից ելնելով, և մատուցվելու են միայն անհրաժեշտ ծառայությունները: Այս մասին ԱԺ-ում առողջապահության խնդիրների քննարկման ժամանակ հայտարարել է առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:

2017-ի պետական բյուջեի նախագծով նախատեսված առողջապահության բնագավառի ծախսերը կազմում են 85 մլրդ 680 մլն դրամ, ինչը ՀՆԱ-ի 1,6%-ն է: Առողջապահության ոլորտի ծախսերը 2016 թ-ի պետական բյուջեի համապատասխան ցուցանիշի նկատմամբ նվազել է 2.668.9 մլն դրամով կամ 3%-ով:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նախարարին ասել է. «Պիտի ընդունեք, որ պետպատվերի համակարգը բացարձակ ձախողված է, չի գործում: Ապրիլ ամսից արդեն մենք ստանում ենք հազարավոր նամակներ մեր համաքաղաքացիներից, որոնք գնում են հիվանդանոց, իրենց ասում են՝ պետպատվերն ավարտվել է: Չեմ կարծում, որ փոքր քայլերով պիտի լուծում գտնենք, սա հեղափոխական լուծում է պահանջում: Պիտի ընդունենք՝ չի գործում համակարգը»:

Նախարարը համաձայնել է, որ պետպատվերի հետ կապված պատգամավորի նշած բոլոր երևույթները գոյություն ունեն. «Դրանք նորություն չեն: Դրանց դեմ պայքարում ենք տարբեր մեթոդներով, այո, ոչ միշտ հաջողության ենք հասնում, բայց փորձերը կատարվում են»:

Ալթունյանը նշել է՝ իր խորին համոզմամբ, նվազեցված 85 մլրդ-անոց բյուջեն բավարար է, որ 2 անգամ բարելավեն բուժծառայությունների որակը և հասանելիությունը:

Ալթունյանի խոսքով, պետք է մերժել հիվանդի ցանկությունները, եթե կոնկրետ ախտանիշների դեպքում որոշակի ծառայությունները ցուցված չեն. «Մենք պետք է սովորենք ասել՝ չէ: Եթե կոնկրետ ախտանիշների դեպքում համակարգչային տոնոգրաֆիա չի հասնում, տատիկին պիտի մերժել: Պետությունը չունի այդ փողը, որ կատարի ուղղակի ցանկություններ», - մեջբերում է Aravot.am-ը:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը նոյեմբերի 4-ին տեղեկացրել է, որառողջապահության բնագավառի ծախսերի նվազումը պայմանավորված է կառուցվածքային փոփոխություններով, ինչպես նաև սակագների փոփոխություններով, որոնք տեղի են ունեցել 2016-ի ընթացքում և, բնականաբար, ազդել են ծրագրային ցուցանիշների վրա:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---