4 նոյեմբերի 2016 - 15:55 AMT
ՀՀ-ում ռոումինգի ուռճացված սակագները մինչև 8 անգամ նվազել են ՏՄՊՊՀ դիտարկումից հետո

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրություն է իրականացրել միջազգային բջջային կապի (ռոումինգի) ծառայությունների ոլորտում: Ուսումնասիրելով միջազգային փորձը՝ հանձնաժողովը պարզել է, որ տարբեր երկրներում, միջազգային զանգերի համար գործում են բավականին մատչելի սակագներ:

Մինչդեռ մեր երկրում, ռոումինգ ծառայությունների սակագները տեղական զանգերի համեմատ թանկ են գրեթե 50 անգամ: Մասնավորապես, եթե ՀՀ քաղաքացին ներպետական զանգեր կատարելու համար 1 րոպեի դիմաց վճարում է միջինը 25 դրամ, ապա ԵԱՏՄ անդամ-երկրներից դեպի Հայաստան զանգեր կատարելու համար 1 րոպեի դիմաց վճարում էր միջինում 1200 դրամ:

Վերոնշյալի հիման վրա, ինչպես նաև նկատի ունենալով Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների տարածքում «արդար ռոումինգի» համակարգի ներդրման գործընթացի մեկնարկը, ՀՀ ՏՄՊՊՀ-ը այս ոլորտում իրականացրել է գնագոյացման ուսումնասիրություն:

ՀՀ-ում ռոումինգի ծառայություններ են մատուցվում բջջային կապի երեք օպերատորի՝ «Արմենտել» «ՎիվաՍել-ՄՏՍ» և «ՅուՔոմ» ընկերությունների կողմից։

ՏՄՊՊՀ ուսումնասիրության նպատակը ռոումինգ ծառայության սակագնի նվազեցումն է:

Հանձնաժողովի ուսումնասիրությունները նպատակ ունեն ապահովել ռոումինգի ծառայությունների սակագների փուլային նվազեցումը՝ հասցնելով այն մինչև մեր երկրի ներքին ցանցերում սահմանված սակագների չափերին: Բացի այդ, առաջնահերթ է նաև ԵԱՏՄ տարածքում, այդ թվում նաև Հայաստանում գործող բջջային կապի օպերատորների միջև արդյունավետ մրցակցության ապահովումը, ինչը հետագայում ևս որոշակիորեն կանդրադառնա սակագների վրա: Բացի այդ, ՏՄՊՊՀ նախաձեռնությամբ ներդրված այսպես կոչված՝ «արդար ռոումինգի» համակարգի շնորհիվ կբացառվեն խտրական պայմանների կիրառումը ինչպես բաժանորդների, այնպես էլ բջջային կապի օպերատորների նկատմամբ:

ՀՀ ՏՄՊՊՀ-ը առաջարկել է սեղմ ժամկետներում վերանայել ռոումինգ ծառայությունների սակագինը:

ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է սակագների նվազեցման հնարավորությունները, և դրանք ներկայացրել բջջային կապի օպերատորներին՝ առաջարկելով հնարավորինս սեղմ ժամկետներում վերանայել ռոումինգ ծառայությունների ոլորտում իրենց գնային քաղաքականությունը: Մի քանի ամիս տևած քննարկումների արդյունքում ընկերությունները սահմանել են նոր՝ նախորդից մինչև 8 անգամ ցածր սակագներ:

Այսպես, եթե նախկինում «Արմենտել», «ՎիվաՍել-ՄՏՍ» և «ՅուՔոմ» ընկերությունների բաժանորդները ԵՏՄ անդամ-երկրներից դեպի ՀՀ զանգեր կատարելու 1 րոպեի դիմաց միջինում վճարում էին համապատասխանաբար 541 դրամ, 780 դրամ և 2150 դրամ, ապա ՏՄՊՊՀ-ի կողմից սակագների վերանայման վերաբերյալ առաջարկությունների փաթեթի ներկայացումից հետո, սակագները նվազել են համապատասխանաբար 3 անգամ, 2 անգամ և 8.6 անգամ ՝ միջինում կազմելով 250 դրամ։

Մոտ 2 անգամ նվազել է նաև SMS հաղորդագրությունների դիմաց գանձվող վճարների գումարը՝ 124 դրամից դառնալով 65 դրամ։

ՏՄՊՊՀ-ը շարունակելու է լինել հետևողական՝ այս ոլորտում սակագների հետագա նվազման հարցում:

Տեղեկացվում է նաև, որ այսօր միջազգային կապի սակագնի նվազման ուղղությամբ աշխատանքներ տարվում են թե ԵԱՏՄ և թե Եվրամիության անդամ-պետություններում:

Քանի որ վերոնշյալ փոփոխությունները վերաբերում են ԵԱՏՄ տարածքում գործող սակագներին, ապա առաջիկայում Հանձնաժողովը աշխատանքներ կիրականացնի նաև ԵՄ պետություններում, ԱՄՆ-ում, ինչպես նաև այլ երկրներում ռոումինգ ծառայության գների նվազման ուղղությամբ: