Նալբանդյան. Ադրբեջանում նախատեսված լայնածավալ զորավարժությունները սադրիչ դրսևորումներից են

Նալբանդյան. Ադրբեջանում նախատեսված լայնածավալ զորավարժությունները սադրիչ դրսևորումներից են

PanARMENIAN.Net - Ադրբեջանը հրաժարվում է իրականացնել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները և, շարունակելով սրել իրավիճակը շփման գծում, լուրջ վնաս է հասցնում խաղաղ հանգուցալուծման ջանքերին: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Գերմանիայի Բունդեսթագի անդամների, առաջատար վերլուծաբանների և քաղաքագետների հետ հանդիպմանը:

Նոյեմբերի 4-ին Բեռլինում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ֆրիդրիխ-Էբերթ հիմնադրամում հանդիպում է ունեցել Գերմանիայի Բունդեսթագի անդամների, առաջատար վերլուծաբանների և քաղաքագետների հետ: Հանդիպմանը ներկա է եղել Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմանը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը զրուցակիցներին ներկայացրել է ապրիլին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերած լայնածավալ ռազմական գործողությունների մանրամասները, այդ թվում միջազգային մարդասիրական իրավունքի աղաղակող ոտնահարումները, ադրբեջանական ագրեսիայից հետո Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովների արդյունքները, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի առաջ մղման համար համապատասխան պայմանների ստեղծման նպատակով Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը:

Նախարար Նալբանդյանը շեշտել է. «Նման հերթական սադրիչ դրսևորումներից է մեկ շաբաթից Ադրբեջանում նախատեսված լայնածավալ զորավարժությունների անցկացումը, որոնցում, ըստ Բաքվի, ներգրավված են լինելու ադրբեջանական գրեթե ողջ զինուժը ու ռազմական տեխնիկան, ինչը սպառազինությունների վերահսկման միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտում է։ Սա է Ադրբեջանի ղեկավարութան արձագանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացն առաջ մղելու կոչերին»։

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը, արժևորելով Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը, բարձր է գնահատել Գերմանիայի օրենսդիր մարմնի սկզբունքային դիրքորոշումը։

Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է Հայաստան - Եվրոպական միություն հարաբերություններին։ ՀՀ ԱԳՆ ղեկավարը գերմանացի օրենսդիրներին և փորձագետներին տեղեկացրել է Հայաստանում ընթացող բարեփոխումների մասին, կարևորելով այդ գործընթացում գործընկեր երկրների և միջազգային կազմակերպությունների օժանդակությունը։

Անդրադարձ է եղել մի շարք հրատապ տարածաշրջանային խնդիրներին և դրանց հանգուցալուծման հնարավորություններին։

Հանդիպման ընթացքում քննարկում է ծավալվել հայ-գերմանական փոխգործակցության և դրա հետագա ամրապնդման և խորացման հեռանկարների շուրջ։

Հանդիպմանը ծավալված շահագրգիռ քննարկման ընթացքում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:

Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողով պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---