Փոխնախարար. Իրանից ներքին սպառման համար գազ կգնվի գնի մրցունակ լինելու դեպքում

Փոխնախարար. Իրանից ներքին սպառման համար գազ կգնվի գնի մրցունակ լինելու դեպքում

PanARMENIAN.Net - Հայաստանը բանակցում է իրանական գազ գնելու շուրջ: Հաջողության դեպքում հայաստանյան սպառողներն առաջիկայում արդեն կկարողանան օգտագործել իրանական գազը: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:

Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը օրերս Թեհրանում էր, որտեղ նոյեմբերի 1-ին հայաստանյան պետական «Էներգաիմպեքս» ընկերության և Իրանի գազի արտահանման ազգային ընկերության միջև նախաստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ գազի առք ու վաճառքի և տարանցման վերաբերյալ։

«Առաջին նպատակն իրանական գազի տարանցման հնարավորություն ստեղծելն է Հայաստանի տարածքի միջոցով:

Երկրորդը դա իրանական գազի գնելն է նաև ներքին սպառման համար: Ներքին սպառման համար իրանական գազը կօգտագործվի այն ժամանակ, երբ գինը մրցունակ կլինի մեր այլ աղբյուրների հետ», - փոխանցել է Հարությունյանը:

Նրա խոսքով՝ չի կարծում, որ երբևիցե եղել է սահմանափակում իրանական գազ գնելու հարցում ներքին շուկայի համար:

«Հարցը միշտ եղել է գնային քաղաքականության դաշտում․ եթե իրանական կողմը մեր բանակցությունների արդյունքում կարողանա մեզ առաջարկել ավելի մատչելի գին, մենք այդ գազը կօգտագործենք ներքին շուկայում:

Եվ այնպես չէ, որ բանակցություններ չեն եղել, այնպես չէ, որ այդ հարցը բազմաթիվ անգամ չի քննարկվել», - պարզաբանել է Հարությունյանը:

Միաժամանակ նա շեշտել է, որ ներկա պահին առանձին գազամուղ կառուցելու ոչ մի տնտեսական հիմնավորում չկա: «Տրանսգազ» ընկերությունը, որը նույնպես պատկանում է «Գազպրոմ»-ին, իր լիցենզիայում նշված կետերի համաձայն, պարտավոր կլինի տեղափոխել այն գազը, որը կգնվի Իրանից և կտարանցվի, օրինակ, Վրաստան:

«Ինքը ունի հաստատված սակագներ գազի տարանցման համար, հաստատված կորուստի մակարդակ այդ գործարքը կատարելու համար: Այսինքն ստեղ նոր բան հորինելու կարիք չկա, և դա արդեն իրենց դաշտից դուրս է: Քաղաքականություն վարող մարմինը այստեղ Էներգետիկայի նախարարությունն է և կառավարությունը, և իրենք պարտավոր են անել այն, ինչ իրենց լիցենզիայով վերապահված է», - նկատել է Հարությունյանը:

Հուլիսի 26-ին Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն հայտարարել է, որ Իրանից Հայաստան առաքվող գազի ծավալը 3 անգամ կավելանա: Գործադիրի օգոստոսի 4-ի որոշմամբ կստեղծվի «Էներգաիմպէքս» ՓԲԸ, որը հնարավորություն կընձեռի ավելացնել բնական գազի ներկրումը Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից՝ առավել արդյունավետ դարձնելով Իրան-Հայաստան գազամուղի օգտագործումը:Նույն որոշմամբ՝ ընկերության կանոնադրական կապիտալում ներդրում կատարելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը գումար կհատկացվի:

Ընկերության կանոնադրական կապիտալի չափը սահմանել 100.000 դրամ, որը բաժանված է 100 հասարակ (սովորական) բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով: Ընկերության բոլոր բաժնետոմսերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---