Երևանում ընթանում է առողջապահական իրավունքի առաջին միջազգային համաժողովը

Երևանում ընթանում է առողջապահական իրավունքի առաջին միջազգային համաժողովը

PanARMENIAN.Net - Երևանում ընթանում է առողջապահական իրավունքի առաջին «Առողջապահությունը և մարդու իրավունքները» խորագրով միջազգային համաժողովը:

Համաժողովի նախագահ, ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն իր բացման խոսքում նշել է, որ համաժողովի նպատակն է քննարկել առողջապահության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության ներկա վիճակը, առողջապահության օրենսդրության զարգացման միտումները, ՀՀ-ում և մասնակից երկրներում վեր հանել առողջապահության ոլորտում առկա հիմնախնդիրները, մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները և խոչընդոտները, մարդու իրավունքների երաշխիքները, համատեղ մշակել առաջարկություններ առողջապահության ոլորտում մարդու իրավունքները երաշխավորելու և պաշտպանության լրացուցիչ երաշխիքներ ամրագրելու ուղղությամբ, գրում է Panorama.am-ը:

«Համաժողովը նշված նպատակի իրականացման համար համախմբել է առողջապահության, իրավագիտության ոլորտի լավագույն մասնագետներին: Համաժողովի կազմակերպիչները լիահույս են, որ իրավունքն այն կարևորագույն գործիքն ու միջոցն է, որը թույլ կտա երաշխավորել առողջապահության ոլորտում մարդու իրավունքների իրականացումը և անշեղ պաշտպանությունը, կնպաստի առողջապահության համակարգի և բժշկագիտության զարգացմանը»,- նշել է Քրմոյանը:

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն էլ իր հերթին կարևորել է նման համաժողովի կազմակերպումը՝ ասելով, որ կան առաջնային իրավունքներ, որոնց պահպանման համար պետությունները համատեղում են իրենց ջանքերը:

«Ջանքերի համատեղումն իրականցվում է տարբեր գործիքակազմի միջոցով, և նման համաժողովներն այդ գործիքակազմերից մեկն են»,- նշել է նախարարը:

Համաժողովը կազմակերպել են «Իրավունքի զարգացման կենտրոն» և «Առողջապահական և սոցիալական իրավունքների պաշտպանության գիտագործնական կենտրոն» հասարակական կազմակերպությունների կողմից Բաց հասարակության հիմնադրամների հովանավորությամբ:

Համաժողովին աջակցում են նաև արդարադատության, առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---