7 նոյեմբերի 2016 - 11:13 AMT
Առողջապահության նախարարը կընդունի մահացած ծննդկանների հարազատներին

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը պատրաստվում է նոյեմբերի 8-ին ընդունել վերջին մեկ տարվա ընթացքում մահացած երեք ծննդկանի՝ Մերի Մարգարյանի, Տաթևիկ Գասպարյանի և Հռիփսիմե Նազլուխանյանի հարազատներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը՝ նշելով, որ նախարարը մահացած ծննդկանների հարազատներից կլսի նրանց մտահոգող հարցերը՝ հնարավոր աջակցություն ցուցաբերելու նպատակով։

Նոյեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում նախարարը, մասնավորապես, ասել էր. «Ես 1-2 ծննդկանի մահվան դեպքի բողոքով չեմ զբաղվում: Դրանով զբաղվում են դատական օրգանները: Իմ համակարգն ամբողջն է, ոչ թե մեկ-երկու բողոքավոր ծննդկանի բարեկամները: Հասկացեք դա վերջապես»:

«Նշեմ, որ Մերի Մարգարյանի հայրն օրերս եղել է ընդունելության ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավարի մոտ։ Կանխավ տեղեկացնեմ, որ նախարարությունում գործող մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհուրդը առաջին երկու ծննդականի մահվան հանգամանքները ժամանակին մանրամասն քննարկել է։ Լևոն Ալթունյանի հոկտեմբերի 21-­ի հրամանով ստեղծված մասնագիտական հանձնաժողովն այժմ ուսումնասիրում է Վանաձորի ԲԿ-­ում արձանագրված մայրական մահացության դեպքը ՝ հիմնական պատճառները վեր հանելու, դրանք վերլուծելու համար։ Այս ուսումնասիրությունների նպատակն է գործող կանոնակարգերում, ուղեցույցներում անհարժեշտության դեպքում փոփոխություններ իրականացնել՝ հետագայում նման ելքերը հնարավորինս բացառելու նպատակով։ Այս գործընթացն իրականացվում է բացառապես առողջապահության նախարարության իրավասությունների ներքո և ունի մասնագիտական նշանակություն։ Նշված բոլոր 3 դեպքի կապակցությամբ իրականացվել է դատաբժշկական փորձաքննություն, այժմ գտնվում են քննչական մարմինների տիրույթում»,- գրել է Անահիտ Հայթայանը: