7 նոյեմբերի 2016 - 11:57 AMT
Ռուսաստանը շարժական լաբորատորիաներ է փոխանցել Հայաստանին

ՌԴ «Ռոսպոտրեբնադզորը» 6 շարժական լաբորատորիա է փոխանցել Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի առողջապահության նախարարություններին` ԱՊՀ երկրներում վարակների բռնկմանը հակազդեցության շրջանակում:

Ծրագիրը հաստատվել է ՌԴ կառավարության կողմից և նախատեսված է 2015-2016թթ. համար, այն ուղղված է վտանգավոր վարակիչ հիվանդությունների բռնկումների հայտնաբերմանն ու տարածման կասեցմանը:

Ընդհանուր առմամբ ծրագրի մեկնարկից ի վեր «Ռոսպոտրեբնադզորը» 10 շարժական լաբորատորիա է փոխանցել ԱՊՀ երկրներին:

Հայաստանին, Ղրղզստանին և Տաջիկստանին փոխանցված լաբորատորիաները նախատեսված են էքսպրես-ախտորոշման համար և մշակվել են Ռուսաստանում, ասվում է ՌԴ առողջապահության նախարարության մամուլի հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Լաբորատորիաները հագեցած են կենսապահովման ինքնավար համակարգերով, ունեն կենսաբանական անվտանգության բարձր մակարդակ և օգտագործվում են վարակիչ հիվանդությունների հարուցիչների հայտնաբերման համար: