7 նոյեմբերի 2016 - 12:51 AMT
Աղձքի դպրոցում դասադուլ է. Պահանջում են վերադարձնել նախկին տնօրենին

Արագածոտնի մարզի Աղձք գյուղի դպրոցի աշակերտները դասադուլ են անում և նոյեմբերի 7-ին դասի չեն գնացել: Բանն այն է, որ դպրոցի տնօրեն Հարություն Սուքիասյանին պաշտոնից հեռացրել են և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (ժ/պ) է նշանակվել Փարպի գյուղի մի բնակիչ, որը գյուղի բնակիչների պնդմամբ, Արագածոտնի դաշնակցական մարզպետ Գաբրիել Գյոզալյանի սանիկն է:

«Դպրոցի ժամանակավոր պաշտոնակատարը եկել է Փարպի գյուղից, մարզպետի սանիկն է ու իր գյուղից էլ մարդ է բերել»,- ասել է գյուղացիներից մեկը, գրում է Panorama.am-ը:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ Աղձք գյուղում դաշնակցական է ընտրվել գյուղապետի պաշտոնում:

Գյուղի դպրոցի նախկին տնօրեն Հարություն Սուքիասյանը պատրաստվում է հանդիպել Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հետ: Խոսելով իր հեռացման պատճառների մասին, Սուքիասյանն ասել է.

«Աշխատանքային պայմանագրի ժամկետն ավարտվել է և իրենք հաշվի չառան, որ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի համապատասխան հավաստագիր ունեմ, նշանակել են այլ անձի, որը այդ հավաստագիրը չունի»: